Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը պատմել է լրագրողներին Մարդու իրավունքների պաշտպանության (ՄԻՊ) ազգային ռազմավարության մասին, որի նախագիծը քննարկվել է սեպտեմբերի 12-ին ԱԱԽ նիստում: «Դուք գիտեք, որ մենք մեզ վրա միջազգային պարտավորություններ ենք վերցրել Հայաստանում ընդունել նման փաստաթուղթ: Մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված տարբեր միջազգային կազմակերպություններ հրապարակում են տարբեր հաշվետվություններ, որոնցում նաև նշվում են մեր երկրում առկա խնդիրները և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում թերությունները, և այդ ռազմավարությունը կոչված է պատասխանել այդ հարցերին»,- հայտարարել է նա:
ԱԱԽ քարտուղարը նշել է, որ ռազմավարությունը մշակվել է 3 տարվա ընթացքում, և դրա մշակման մեջ ներառվել են ԵՄ, ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵԽ փսրձագետներ, և ռազմավարության նախագիծը հանձնվել է նրանց փորձաքննության համար:
Նրա խոսքով, ռազմավարությունը հաստատվել է ԱԱԽ նիստում, և Հայաստանի կառավարությունը պարտավոր կլինի դրա հաստատումից 6 ամիս անց մշակել գործողությունների հստակ ծրագիր, ֆինանսական միջոցներ գտնել նախատեսված ռազմավարությունների միջոցառումներն իրականացնելու համար:
Նա նաև հավելել է, որ ռազմավարության մշակման աշխատանքներին ակտիվ մասնակցել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը և տարբեր ՀԿ-ներ:
Բաղդասարյանի խոսքով, մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունում որպես նպատակային խմբեր ընտրվել են երեխաները, կանայք, հաշմանդամություն ունեցող մարդիկ, փախստականները, դատապարտյալները, բռնադատված անձինք և այլն:
ԱԱԽ քարտուղարը հաղորդել է, որ ռազմավարությունը կգործի երեք տարբեր ուղղություններով` օրենսդրական դաշտի բարելավում, ինստիտուցիոնալ բարեփոխումներ, որոնց համապատասխան կստեղծվի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողով: Բացի դրանից, ռազմավարությամբ նախատեսվում է օմբուդսմենի ինստիտուտի ամրապնդում: