14 սեպտեմբերի 2012 - 15:59 AMT
Ջավախքում ելույթ են ունեցել ժողովրդական երգի և դուդուկի կատարողները

Սփյուռքի նախարարության աջակցությամբ և հովանավորությամբ սեպտեմբերի 9-12-ը Նինոծմինդայում, Ախալքալաքում և Բաթումում տեղի ունեցան հայկական ժողովրդական երգի համերգները, որին մասնակցում էին «Ժողովրդական երգիչ» և «Դուդուկի ընտրյալները» նախագծի հաղթողներն ու մասնակիցները (16 երաժիշտ և երգիչ): Ինչպես հայտնում է Սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը, նրանց ելույթներն արժանացան հանդիսատեսի ջերմ ընդունելությանը` աննկարագրելի ոգևորություն և ցնծություն առաջացնելով նրանց հոգիներում: Համերգներին, որոնք տեղի ունեցան Նինոծմինդայի և Ախալքալաքի մշակութային կենտրոններում, ներկա էին նաև տեղական իշիանության մարմինների ղեկավարներն ու ներկայացուցիչները:

Վեջին համերգը կայացավ Բաթումի ծովափնյա զբոսայգու հայտնի սպիտակ սյունաշարի առջև և նվիրված էր հենց այդ սյունաշարի հեղինակ, ճարտարապետ Բոգդան Կիրակոսյանի ծննդյան 100-ամյակին: Այս անգամ համերգին ներկա էին ոչ միայն հայ, այլև տարբեր ազգերի ներկայցուցիչներ, որոնք հավասարապես կիսում էին հայ հանիդիսատեսի ոգևորությունն ու հիացմունքը: Համերգը նկարահանվել և ցուցադրվել է Բաթումի տարբեր հեռուստաալիքներով, լուսաբավել տեղական մամուլում: