14 սեպտեմբերի 2012 - 16:22 AMT
Ավելացել են ՊԳԿ ծրագրերի իրականացմանը մասնակցող հայ փորձագետները

Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից իրականացված աշխատանքների գնահատման պատվիրակության մի խումբ անդամների՝ Մեթյու Քահանեի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին՝ նախարարը գոհունակություն հայտնեց ՊԳԿ-ի կողմից իրականացվող աշխատանքների վերաբերյալ, ընգծելով վերջիններիս առանձնահատուկ դերն ու նշանակությունը ՀՀ գյուղատնտեսության զարգացման համար: «Այստեղ կուտակված փորձը մեզ հուշում է, որ առանձին դեպքերում աշխատակարգերի պարզեցման պայմաններում հնարավոր է հասնել ավելի մեծ արդյունքների»,-նշեց նա:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և գնահատող խմբի աշխատանքներին աջակցելու համար, պարոն Քահանեն տեղեկացրեց, որ խմբի անդամները Հայաստանում ունեցել են շուրջ 100 հանդիպումներ, ուսումնասիրել 16 ծրագրեր, այցելել մարզեր՝ տեղում կատարված աշխատանքներին ծանոթանալու համար:

Անցած տարիներին իրականացված ծրագրերը դրական և արդյունավետ գնահատելով՝ պարոն Քահանեն նշեց, որ դրանք հիմնականում նպատակ են հետապնդել բարելավելու գյուղատնտեսական կենդանիների առողջության, կենսաբազմազանության, անտառային տնտեսության, բույսերի պաշտապանության և գենետիկական ռեսուրսների պահպանության ոլորտների գործունեությունը: Առանձնապես արդյունավետ և ժամանակին իրականացված ծրագրեր համարվեցին խոզերի աֆրիկյան ժանտախտի և մորեխների դեմ պայքարի ծրագրերը:

Այդ ընթացքում, ըստ պարոն Քահանեի, Հայաստանում ավելացել են ՊԳԿ ծրագրերի իրականացմանը մասնակցող հայ փորձագետները: Ձեռք բերված դրական արդյունքներին նպաստել է նաև ՊԳԿ-ի հայաստանյան գրասենյակի նպատակասլաց աշխատանքը:

Հանդիպման ավարտին նախարար Սերգո Կարապետյանը կրկին շնորհակալություն հայտնեց խմբի անդամներին՝ իրականացված կարևոր աշխատանքների համար, և հույս հայտնեց, որ ՊԳԿ-ՀՀ գյուղնախարարություն հարաբերությունները կկրեն շարունակական բնույթ: