Պետդումայում ՌԼԴԿ խմբակցության ղեկավար, կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին այսօր մասնակցել է ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման և ներում շնորհելու դեմ ուղղված բողոքի ակցիային:
Ելույթ ունենալով հանրահավաքին, Ժիրինովսկին ընդգծել է. «Եկել եմ, որպեսզի համակարծությունս արտահայտեմ բոլոր հայերին:
Ես հրեշավոր եմ համարում նման գործողությունները, երբ մարդասպանին ազատ են արձակում, լիովին ներում, վերականգնում կոչումները և նրա համար գրեթե տոն կազմակերպում»:
ՌԼԴԿ առաջնորդի կարծիքով, այստեղ կոռուպցիայի տարր է նկատվում: Եվրոպացիները հերթական անգամ ցույց տվեցին, թե որքան է իրենց ժողովրդավարության գինը: «Այստեղ կա հունգարացի քաղաքական գործիչների մեղքը. Նրանք մոտավորապես գիտեին, որ կարող էին չստանալ գումարը, ինչը և տեղի ունեցավ: Նրանք պետք է խորհրդակցեին Հայաստանի դեսպանի հետ, նախքան նման որոշում ընդունելը:
Ցավոք կաշառակերությունն ամբողջ աշխարհում է, քանի որ փողը ղեկավարման գործիք է: Մենք չենք ցանկանում, որպեսզի կեղտոտ փողերը շարունակեն հրեշավոր հանցագործությունները»,-ընդգծել է Ժիրինովսկին:
Ժիրինովսկին հիշեցրել է Թուրիքայի կողմից իրականացված սարսափելի Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի պատմական հակամարտությունը: «Նրանք ցանկանում են վերադարձնել Ղարաբաղը, և դրա համար պատրաստ են կրկին սպանելու հայերին: Սա, ինչ է, նորմալ քաղաքականություն է: Դա հրեշավոր է»,-հայտարարել է Ժիրինովսկին
2004թ. փետրվարի 19-ին լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը Բուդապեշտում գազանաբար կացնահարվեց ադրբեջանցի սպա, ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովի կողմից: Երկուսն էլ Բուդապեշտում մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերեն լեզվի դասընթացներին:
2006թ. ապրիլի 13-ին մարդասպանը Բուդապեշտում դատապարտվեց ցմահ բանտարկության՝ 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի: Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Գուրգեն Մարգարյանը 2005թ. փետրվարի 19-ին հետմահու պարգևատրվեց «Արիության համար» մեդալով՝ ծառայության ընթացքում դրսևորած արիության ու ինքնազոհողության համար:
Օգոստոսի 31-ին Սաֆարովը Հունգարիայի կողմից արտահանձնվեց Ադրբեջանին, որտեղ անհապաղ ներում ստացավ՝ նրան շնորհվեց մայորի կոչում, նոր բնակարան, վճարվեց 8 տարվա աշխատավարձը: Ի պաստասխան Հայաստանը կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:
Մինչդեռ հունգարական կողմը պնդում է, որ Բաքուն հավաստիացումներ է տվել, որ Սաֆարովը կշարունակի կրել պատիժն Ադրբեջանում, ոչ պակաս քան 25 տարի:
Ըստ որոշ տվյալների Սաֆարովն արտահանձնվել է Ադրբեջանի կողմից 2-3 մլրդ եվրոյի պարտատոմսեր գնելու Բաքվի խոստման դիմաց: Պաշտոնական Բուդապեշտը դա հերքում է:
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը անցած շաբաթ տեղի ունեցած փակ կուսակցական նիստում խոստովանել է, որ որոշում է կայացրել Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու մասին, թեև գիտեր, որ վաղ թե ուշ նա ազատ է արձակվելու
Կուսակիցներն ու խորհրդականները բազմիցս են զգուշացրել Օրբանին, որ այդ քայլը ռիսկային է, սակայն հունգարացի վարչապետը դիտարկել է այդ որոշումը որպես ժեստ ադրբեջանցիների հանդեպ՝ հետագայում նոր վարկատուներ ապահովելով Հունգարիայի բույջեի համար:
Օրբանը խոստովանել է, որ գիտեր հնարավոր հետևանքների մասին, սակայն, կարծում էր, թե Սաֆարովին ազատ կարձակեն մի քանի ամիս անց, «առողջական վիճակի պատճառաբանությամբ»: