Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ԱԱ ընտրական մրցաշարում Բուլղարիայից 0:1 հաշվով կրած պարտությունից հետո Երևանում խոստովանել է, որ վատ տրամադրություն ուներ, սակայն հիմա համեմատաբար լավ է: « Մենք ձգտում ենք հաղթել բոլոր խաղերում: Խնդիրը հաղթելը կամ էլ պարտվելը չէ: Մենք միշտ պետք է խաղադաշտ դուրս գանք հաղթելու ցանկությամբ, բայց նույնիսկ աշխարհի ամենաուժեղ հավաքականները միշտ չեն հաղթում: Ինձ համար այս խաղում ամենաբացասականը մեր ֆուտբոլիստների պահվածքն էր: Ես առաջին անգամ էի նրանց այդպես տեսնում և զարմացած էի: Իհարկե, իմ բացատրություններն ու իմ եզրակացություններն ունեմ, բայց միայն ֆուտբոլիստների հետ հանգամանալից զրուցելուց հետո կփորձեմ խնդրին մոտենալ»,- ՀՖՖ պաշտոնական կայքին ասել է Մինասյանը:
Հայաստանի ընտրանու մարզիչը նշել է, որ բուլղարացիները շատ լավ էին ուսումնասիրել իրենց խաղը և գիտեին հայ ֆուտբոլիստների ուժեղ և թույլ կողմերը. «Գիտեին, որ մեր թիմն արագ ֆուտբոլ է խաղում, հատկապես հակագրոհների ժամանակ, և ուզում էին ամեն կերպ խոչընդոտներ ստեղծել թե ֆուտբոլային և, թե ոչ ֆուտբոլային միջոցներով: Դա նրանց ընտրած խաղաոճն էր, իրենց մարզչի կողմից ընտրված խաղի ձևն էր: Եղան նաև որոշակի սադրանքներ, բայց ես այն կարծիքին եմ, որ մեզ վրա չպետք է ազդեր այդ ամենը: Մենք պետք է գիտակցենք, որ մեզ արդեն ուրիշ կերպ են ընդունում, ամեն ինչ անում են մեզ հաղթելու համար, բայց եթե ուզում ենք ինչ- որ արդյունքի հասնել, պետք է անտեսենք այդ ամենը և կենտրոնանանք խաղի վրա: Այս առումով մեր թիմը դեռ պետք է փորձ կուտակի»:
Ըստ Մինասյանի, Հայաստանի մարտավարությունը հիմնված էր արագ հակագրոհների վրա, և հանդիպման առաջին 20-25 րոպեներին իրենց դարպասի վրա ճնշումը շատ մեծ էր, և չէր ստացվում հակագրոհել: Այնուհետև մրցակցի գրոհները հասնում էին մինչև Հայաստանի տուգանային հրապարակ: «Երկրորդ խաղակեսում խաղն ամբողջովին կարգավորվել էր, բայց եղան երկու կարմիր քարտերը, որոնք փոխեցին խաղի ողջ ընթացքը: Հատկապես շատ է խոսվում մեր պաշտպանության մասին` մանավանդ կենտրոնական գոտում, բայց ես կարող եմ ասել, որ այս խաղում երկու կենտրոնական պաշտպաններն էլ լավագույնս էին խաղում»,- ավելացրել է Մինասյանը: