15 սեպտեմբերի 2012 - 10:25 AMT
Վարդան Մինասյան. Հավաքականի որոշ ֆուտբոլիստների մոտ ֆունկցիոնալ ոչ բավարար վիճակ է

«Բուլղարիայից կրած պարտությունը բացասական է, բայց մեզ համար ամենավատը Լևոն Հայրապետյանի վնասվածքն էր, ով կարող է մի քանի ամիս դուրս մնալ խաղից: Երկրորդը` Գևորգ Ղազարյանի և Մարկոս Պիզելլիի որակազրկումն է 2 և ավելի խաղերով, և երրորդը` խաղացողների կարգապահությունը»,- ասել է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:

Նա ընդգծել է, որ հայ ֆուտբոլիստներից առաջինը նվիրվածություն և հայրենասիրություն է պահանջում, ու նրանք բազմիցս են ցույց տվել այդ որակները. «Բայց միայն նվիրվածությունը բավարար չէ: Ֆուտբոլում շատ մանրուքներ կարող են վճռորոշ ազդեցություն ունենալ: Ես հիմա հստակ տեսնում եմ, որ որոշ ֆուտբոլիստների մոտ ֆունկցիոնալ ոչ բավարար վիճակ է: Օրինակ, մենք տեսանք, որ Յուրա Մովսիսյանի ֆունկցիոնալ վիճակը լավ չի: Իսկ ֆուտբոլն այն մեխանիզմն է, որ եթե մեկ հոգի դուրս է մնում խաղից, նամանավանդ միջազգային հանդիպումներում, խաղի ընթացքը փոխվում է»:

Մինասյանի կարծիքով, Մալթայի խաղից զգացվում էր թիմի մեկնարկային լարվածությունը, իսկ խաղի տեմպը գցել են տոթ եղանակն ու խոնավությունը: Ըստ մարզչի, այդ խաղում հայ ֆուտբոլիստները ցույց տվեցին իրենց բնավորությունն ու հասան հաղթանակի: «Նախկինում մենք առաջին հերթին ֆուտբոլիստներից պահանջում էինք գեղեցիկ ֆուտբոլ խաղալ, իսկ այժմ նրանցից միայն արդյունք ենք ակնկալում: Եվ Բուլղարիայի հետ խաղում դա իրեն զգացնել տվեց: Պարտվում էին, ուզում էին ամեն կերպ վերականգնել հաշիվը: Դա էլ է խոսում հաղթանակի ձգտման մասին: Մեր տղաներն անտարբեր չէին, դա շատ լավ որակ է, նրանք ուզում էին փոխել խաղի ընթացքը, ուղղակի պետք էր փոխել խաղով, այլ ոչ թե կռվով»:

Հայաստանի հավաքականի ֆիզիկական պատրաստվածության հոլանդացի մարզիչ Ռայմոնդ Վերհեյնը Բուլղարիայում չի եղել հայ ֆուտբոլիստների հետ: Այդ մասին Մինասյանն ասել է հետևյալը. «Ռայմոնդը շատ պրոֆեսիոնալ, լավ մասնագետ է, ու այն ժամանակը, որ նա անցկացրել է Հայաստանի հավաքականում, արդյունավետ է եղել թե թիմի, թե մարզիչների համար: Դրա համար ես շնորհակալություն եմ հայտնում նրան»: