ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը անիմաստ ու անընդունելի է անվանել հարձակումները ԱՄՆ դեսպանատների վրա՝ հայտարարելով, որ «Եգիպտոսի, Լիբիայի, Եմենի ու Թունիսի ժողովրդները մերժեցին բռնապետների բռնակալությունը և չպետք է այժմ ենթարկվեն ամբոխի բռնապետության»:
«Սթափ մտածող մարդիկ ու պատասխանատու առաջնորդները պետք է ամեն ինչ անեն, վերականգնելու համար անվտանգությունն ու պատասխանատվության կանչեն բռնի գործողությունների մեղավորներին»,-ասել է ԱՄՆ պետքարտուղարը:
Հարձակումներն ԱՄՆ դեսպանատների վրա մի շարք արաբական երկրներում սկսվեցին, երբ ԱՄՆ-ում հայտնվեց Մուհամմեդ մարգարեի մասին պատմող կինոֆիլմը, որը մահմեդականները վիրավորական են համարում: ԱՄՆ-ն դատապարտել է «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմը՝ հայտարարելով, որ այն չի արտահայտում ԱՄՆ ժողովրդի կարծիքը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: