Սեպտեմբերի 14-ին շարունակվեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Կիպրոս: Նախարար Նալբանդյանը հանդիպեց Կիպրոսի ներկայացուցիչների պալատի նախագահ Յիանակիս Օմիրուի հետ:
Ինչպես նշում է ԱԳՆ մամլո ծառայությունը, զրուցակիցները նշեցին, որ երկու երկրների խորհրդարանների միջև հաստատված ինտենսիվ համագործակցությունը, միջխորհրդարանական բարեկամության խմբերի ակտիվ գործունեությունը մեծապես նպաստում են միջպետական հարաբերությունների զարգացմանը և ժողովուրդների միջև բարեկամության խորացմանը:
Յիանակիս Օմիրուն և Էդվարդ Նալբանդյանը կարևորեցին կիպրահայ համայնքի ակտիվ դերակատարությունը երկկողմ փոխգործակցության ամրապնդման գործում:
Հայաստանի արտգործնախարարը Կիպրոսի խորհրդարանի ղեկավարին ներկայացրեց Հայաստան – Եվրոպական Միություն համագործակցությունը, Արևելյան գործընկերության ձևաչափում տեղի ունեցող գործընթացներին Հայաստանի մասնակցությունը:
Կիպրոսի խորհրդարանի ղեկավարը խստորեն դատապարտեց մարդասպան Սաֆարովին ազատ արձակելու և հերոսացնելու Ադրբեջանի իշխանությունների անընդունելի քայլը՝ ընդգծելով, որ Կիպրոսի խորհրդարանը լիովին սատարում է սեպտեմբերի 13-ին Եվրոպական խորհրդարանի կողմից այդ հարցով ընդունված բանաձևը:
Հանդիպմանն անդրադարձ եղավ կիպրական հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Կիպրոսի Հանրապետության և միջազգային հանրության կողմից իրականացվող ջանքերին, և այդ հարցում կղզու հյուսիսային հատվածը օկուպացրած Թուրքիայի ապակառուցողական կեցվածքին:
Հանդիպումից հետո տեղի ունեցավ Կիպրոսի խորհրդարանի ղեկավարի և Հայաստանի արտգործնախարարի ճեպազրույցը լրագրողների հետ: