7 մարտի 2005 - 10:45 AMT
ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԿՈՉ ԵՆ ԱՐԵԼ ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՊՐԻԼԻ 24-Ի ԻՐ ԱՄԵՆԱՄՅԱ ԵԼՈՒՅԹՈՒՄ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԸ
ԱՄՆ Կոնգրեսում Հայաստանի աջակցության խմբի համանախագահներ Ջո Նոլենբերգը եւ Ֆրենկ Փալոնեն դիմել են ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին կոչով` ապրիլի 24-ի իր ամենամյա ելույթում ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը, հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը: Կոնգրեսականների ուղերձում, մասնավորապես, նշվում է. «ճանաչելով հայ ժողովրդի դեմ կատարված ահավոր հանցագործությունը որպես ցեղասպանություն, դուք, այդպիսով, հարգանքի տուրք կմատուցեք այն ոչ բազմաթիվ ամերիկացիներին, որոնք աննախադեպ դիվանագիտական, քաղաքական եւ հումանիտար արշավ էին սկսել ջարդի դադարեցման եւ փրկվածների պաշտպանության օգտին»: ԱՄՆ-ն չպետք է թույլ տա, որ մարդկության դեմ կատարված նման հանցագործությունները մնան անպատիժ եւ մոռացության մատնվեն, նշվում է ուղերձում: «Ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, մենք կհաստատենք մեր պարտավորությունները նման ոճրագործությունների կրկնությունը կանխելու համար»,- նշել են Ջո Նոլենբերգը եւ Ֆրենկ Փալոնեն: