Տոնական օրերը, ինչպես նաև երկուշաբթին, ոչ աշխատանքային էին, ուստի «Զվարթնոց» օդանավակայանին «Արմավիայի» ընթացիկ պարտքերի վճարումը ժամանակին չի կատարվել: Նման հայտարարություն է տարածել ազգային ավիափոխադրող «Արմավիա» ավիաընկերությունը:
«Այդ վճարումը հնարավոր է միայն 2-3 օրվա ընթացքում, այլապես անհնար է: Ուստի դա օդանավակայանի կողմից նախազգուշացում է: Իսկ այսօր տոների նախաշեմին օդանավակայանը ցանկանում է, որպեսզի «Արմավիան» կանխավճար կատարի, քանի որ հաջորդ օրերը կրկին ոչ աշխատանքային են լինելու: Դա նույնպես անհնար է, իսկ ազգային ավիափոխադրողին Անկախության տոնի նախաշեմին նման կերպ նախազգուշացնելը (ուշացումներով և ուղևորների համար անհարմարություններով) սխալ է»,- ասվում է ընկերության հայտարարությունում:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանը դեռևս սեպտեմբերի 19-ի երեկոյան կրկին կասեցրել է «Արմավիա» ավիաընկերության չվերթների սպասարկումը կուտակված պարտքերի պատճառով: Այնուամենայնիվ, ազգային ավիափոխադրողին թույլատրվել է իրականացնել թռիչքները ուղևորներին անհանգստություն չպատճառելու համար: Սակայն սեպտեմբերի 20-ի առավոտից օդանավակայանը չի սպասարկում «Արմավիայի» չվերթները:
Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին են հայտնել օդանավակայանի մամլո ծառայությունում, «Արմավիա» ընկերությունը կրկին պարտքեր է կուտակել: «Մենք լավատեսորեն ենք տրամադրված և լավ նորությունների ենք սպասում ավիաընկերությունից»,-ասել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը:
Սա արդեն առաջին դեպքը չէ, երբ օդանավակայանը դադարեցնում է ավիաընկերության չվերթների սպասարկումը պարտքերի պատճառով: Ըստ նրա, «Արմավիան» զգալիորեն գերազանցել է նախատեսված պարտքի սահմանաչափը սեպտեմբերի սկզբին, այդ պատճառով էլ դադարեցվել է չվերթների սպասարկումը: