24 սեպտեմբերի 2012 - 12:23 AMT
Կայացել է Համաբանակային 15-րդ սպարտակիադայի պաշտոնական բացումը

Սեպտեմբերի 24-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում տեղի է ունեցել Համաբանակային 15-րդ սպարտակիադայի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը:

Սպարտակիադայի եզրափակիչ փուլում հանդես կգան շուրջ 400 զինվորականներ, որոնք ներկայացնում են 10 թիմեր:

Իր ողջույնի խոսքում գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաշմանյանը նշեց, որ եզրափակչի բոլոր մասնակիներն էլ բարձր արդյունքներ են ցույց տվել: «Բոլոր մաղթում եմ մրցակցային առողջ մթնոլորտ, անզիջում պայքար և թող հաղթի ուժեղագույնը»,- ասաց նա:

Բացման ժամանակ առաջին անգամ ներկայացվել է Սպարտակիադայի դրոշը, որը այսուհետ կբարձրացվի ՀՀ ԶՈՒ հետագա բոլոր սպորտային միջոցառումների ժամանակ: Հանրապետական մարզադաշտում այն բարձրացնելու պատիվը տրվել է ԱՊՀ մասնակից պետությունների 9-րդ սպարտակիադայի մրցանակակիրներին:

Միջոցառման ժամանակ մրցանակներ ու պարգևներ են ստացել 2012 թվականի ընթացքում մարզական բարձր ցուցանիշներ գրանցած բոլոր զինծառայողները:

Սպարտակիադայի հանդիսավոր բացումը եզրափակվել է համերգային ծրագրով:

Համաբանակային սպարտակիադան անցկացվում է 3 փուլով` ներզորամասային, ներկորպուսային, համաբանակային:

Մրցումներին մասնակցում են ժամկետային պարտադիր զինծառայողները, սպաները և ենթասպաները (բացառությամբ մինչև վեց ամիս ծառայած պայմանագրայինները):