2011-ին Հայաստանի տնտեսությունում զարգացումները բնութագրվել են տնտեսական ակտիվության ուժեղացմամբ և մակրոտնտեսական բարելավմամբ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը՝ խորհրդարանական հանձնաժողովներին ներկայացնելով ՀՀ ԿԲ եզրակացությունը 2011-ի բյուջեի կատարման մասին հաշվետվության վերաբերյալ: «2011-ի տնտեսական աճի ցուցանիշը ավելի քան երկու անգամ գերազանցել է անցած տարվա 2.1 տոկոսի մակարդակը և ապահովել 4.6 տոկոս պլանավորված ցուցանիշի կատարում»,- նշել է նա:
Նրա խոսքով, 2011-ին մակրոտնտեսական միջավայրի հիմնական զարգացումները պայմանավորված են եղել համաշխարհային տնտեսության դանդաղ վերականգնումով: «Ձևավորված մակրոտնտեսական միջավայրում Հայաստանի կառավարությունը 2011-ին իրականացրել է հավասարակշռված հարկաբյուջետային քաղաքականություն, որն ուղղված է եղել մի կողմից տնտեսական ակտիվության վերականգնմանը, մյուս կողմից՝ պետական պարտքի կայունության ապահովմանը: Արտաբյուջետային քաղաքականությունն ուղեկցվել է պետական բյուջեի դեֆիցիտի կրճատմամբ, ինչը զգալիորեն նպաստել է մակրոտնտեսական կայունության բարելավմանը»,- հայտարարել է նա:
ԿԲ ղեկավարը նշել է, որ տնտեսական աճի ապահովումն ազդել է պետական բյուջեի եկամուտների վրա՝ եկամուտների գծով արձանագրելով 12.9 տոկոս աճ: Նա հաղորդել է, որ հարկային մուտքերն աճել են 10.1 տոկոսով, իսկ սոցիալական ապահովագրման պարտադիր վճարումների գծով աճը կազմել է 17.2 տոկոս:
«Միևնույն ժամանակ, հարկային եկամուտների բաժինը, ներառյալ սոցիալական վճարումները, ՀՆԱ-ում տարեվերջին աճել է 0.4 տոկոսով 2010-ի ցուցանիշի համեմատ և կազմել ՀՆԱ-ի 20.4 տոկոսը: Հատկանշական է, որ հարկային եկամուտների կառուցվածքում ուղղակի հարկերի բաժինն աճել է 1.9 տոկոսային կետով, հարկերը նվազել են 2.7 տոկոսային կետով, 2011-ին 2010-ի համեմատ ՀՆԱ-ի անվանական մեծության 9-տոկոսանոց աճի պայմաններում ծախսերն ավելացել են 3.4 տոկոսով, ինչը հանգեցրել է 1.5 կետով ՀՆԱ-ում ծախսերի բաժնի նվազմանը: Արդյունքում Հայաստանի պետական բյուջեի ծախսերը կազմել են 25.8 տոկոս պլանավորված 26.6 տոկոսի փոխարեն և 2010-ի 27.3 տոկոսի փոխարեն: Միաժամանակ, փաստացի ծախսերի սահմանագիծը գրեթե հավասարապես պայմանավորված է ինչպես ընթացիկ ծախսերի խնայողությամբ, այնպես էլ ոչ ֆինանսական ակտիվների: Միևնույն ժամանակ, ընթացիկ ծախսերի մակարդակն անցած տարվա համեմատ աճել է 6.4 տոկոսով, իսկ ոչ ֆինանսական ակտիվների ծախսերի գծով նվազել է 8.9 տոկոսով»,- հավելել է նա:
Նրա խոսքով, բյուջեի դեֆիցիտը նվազել է 68.2 մլրդ դրամով և կազմել 105.7 մլրդ դրամ, ինչը 53 մլրդ դրամով քիչ է պլանավորված ցուցանիշից:
Ջավադյանը հաղորդել է, որ ՀՆԱ-ում դեֆիցիտի հարաբերակցության ցուցանիշը կազմել է 2.8 տոկոս բյուջեով նախատեսված 2.8 տոկոսի և 2010-ի 5 տոկոս դեֆիցիտի փոխարեն: «Միաժամանակ, դեիֆիցիտի 62.4 տոկոսը ֆինանսավորվել է ներքին աղբյուրներից, իսկ 37.6 տոկոսը՝ արտաքին»,- նշել է նա:
«2011-ին Հայաստանի կառավարության կողմից հավասարակշիռ հարկաբյուջետային քաղաքականության իրագործումը իրական նախադրյալներ կստեղծի մակրոտնտեսական կայունության պահպանման համար և կնպաստի գնաճի պլանավորված միջնաժամկետ ցուցանիշի պահպանմանը»,- հավելել է ԿԲ ղեկավարը: