Ցմահ դատապարտյալ Արտակ Ճաղարյանը, որն արդեն 7-րդ օրն է անժամկետ հացադուլ է հայտարարել, գտնվում է բժշկական հսկողության տակ: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց Մարդու իրավունքի պաշտպանի գրասենյակի մամուլի խոսնակ Նաիրա Կարմիրշալյանը: ՄԻՊ աշխատակիցները կապ են հաստատել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հետ, որտեղ և հաստատել են, որ նրան տրամադրվում է համապատասխան բուժօգնություն:
Նշենք, որ Արտակ Ճաղարյանը հացադուլ է հայտարարել մեկ շաբաթ առաջ, բայց այդ մասին հայտնի է դարձել միայն այսօր: Հիշեցնենք, որ Արտակ Ճաղարյանը դատապարտվել է 2009թ-ին,քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է ավազակություն, առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով և 104 հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ, 7-րդ, 8-րդ կետերով` սպանություն զուգորդված` մարդուն առևանգելով կամ պատանդ վերցնելով, առանձին դաժանությամբ, մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, շահադիտական դրդումներով, պատվերով, ինչպես նաև զուգորդված` շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով: