24 սեպտեմբերի 2012 - 16:40 AMT
Երեկ կայացած ՏԻՄ ընտրությունների ժամանակ ՄԻՊ գրասենյակը ստացել է 38 ահազանգ

Սեպտեմբերի 23-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ Պաշտպանի արագ արձագանքման 116 թեժ գիծը, ինչպես նաև մարզային գրասենյակները աշխատել են շուրջօրյա։

Ընտրախախտումների վերաբերյալ Պաշտպանի երևանյան և մարզային գրասենյակները ստացել են 38 ահազանգ, 10-ի դեպքում ՄԻՊ աշխատակիցներն արձագանքել են, մնացած դեպքերում տրվել է բանավոր խորհրդատվություն։ Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են Պաշտպանի գրասենյակից:

ՄԻՊ գրասենյակից տեղեկացնում են, որ Գեղարքունիքի մարզում գրանցվել է 34 ահազանգ, Տավուշի մարզում 1, Վայոց Ձորում 1 և Կոտայքի մարզում 2 ահազանգ:

Ստացված ահազանգերը հիմնականում վերաբերել են հետևյալ ընտրախախտումներին՝ընտրությունների ընթացքում լրագրողին ընտրատեղամաս մուտք գործելու խոչընդոտում (1ահազանգ), քաղաքացիներին տեղամասային կենտրոններ անվճար տեղափոխելու (3ահազանգ), տեղամասային կենտրոնում գտնվելու իրավունք չունեցող անձանց կողմիցկենտրոն մուտք գործելու (3 ահազանգ), քվեախցիկում միաժամանակյա 2 անձանց քվեարկության (2 ահազանգ), ընտրատեղամասում թեքահարթակի բացակայության (1ահազանգ), վստահված անձանց կողմից քաղաքացիների ուղղորդման (4 ահազանգ),տեղամասային կենտրոններում և դրանց դիմաց օրենքով սահմանված կարգի խախտումով կուտակումների և ընտրական քարոզչության իրականացման (19 ահազանգ) և այլ դեպքեր (5ահազանգ)։

Ստացված ահազանգերը գտնվում են ուսումնասիրության փուլում, որից հետո կհարուցվեն համապատասխան վարույթներ։