17 մարտի 2005 - 07:30 AMT
ԵԱՀԿ-Ն ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԸ
ԵԱՀԿ-ն մեկնարկել է Հայաստանի ոստիկանության աջակցության ծրագրի առաջին փուլը, տեղեկացրել են ԵԱՀԿ երեւանյան գրասենյակում, հաղորդում է «Ռեգնում» ռուսաստանյան լրատվական գործակալությունը: ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Վլադիմիր Պրյախինը եւ ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Հայկ Հարությունյանը, ծրագրի առաջին փուլի համաձայն, մարտի 15-ին ստորագրել են «ՀՀ Ոստիկանության ուսումնական կենտրոնի վերանորոգման մասին» համաձայնագիր: Ստորագրված փաստաթուղթը նպատակ ունի ոստիկանության ուսուցման համար անհրաժեշտ հիմնական պայմանները համապատասխանեցնել եվրոպական ստանդարտներին: Ծրագրի շրջանակներում նախատեսված է կենտրոնն ապահովել արդի սարքավորումներով: «Սա ԵԱՀԿ-ի եւ Հայաստանի միջեւ շահավետ եւ կառուցողական համագործակցութան լավ օրինակ է, որն ողղված է ժողովրդավարական հաստատաությունների խթանմանը»,- ընդգծել է Վլադիմիր Պրյախինը: Հայաստանի ոստիկանության պետը բարձր է գնահատել ԵԱՀԿ-ի հետ համագործակցությունը եւ իշխանությունների անունից խորին շնորհակալություն է հայտնել Կազմակերպության անդամ երկրներին տեխնիկական աջակցության եւ ֆինանսական ներդրումների համար: «Այս ծրագիրը ծառայում է ժամանակակից ոստիկանական ուսուցման զարգացման համար համապատասխան նախապայմաններ ստեղծելու նպատակին»,-նշել է նա: Ծրագիրը կիրականացվի ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի կողմից Հայաստանի ոստիկանության հետ համատեղ` Վիեննայում ԵԱՀԿ քարտուղարության Ոստիկանության ռազմավարական հարցերով զբաղվող բաժնի օժանդակությամբ: Ծրագրին ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Բելգիան, ԱՄՆ եւ Շվեդիան: