18 մարտի 2005 - 06:58 AMT
ԳԻՆԵՍԻ ՌԵԿՈՐԴՆԵՐԻ ԳՐՔՈՒՄ ԿԱՐՈՂ Է ՀԱՅՏՆՎԵԼ ՆՈՐ ՆՎԱՃՈՒՄ` ԿԵՆԴԱՆԻ ՇՂԹԱՅԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ԱՐԱԳԱԾ ԼԵՌԱՆ ՍՏՈՐՈՏԻ ՊԱՐԱԳԾՈՎ
Գինեսի ռեկորդների գրքում կարող է հայտնվել նոր նվաճում` 155 կիլոմետրանոց կենդանի շղթայի կազմակերպում Հայաստանի Արագած լեռան ստորոտի պարագծով ընթացիկ տարվա մայիսի 28-ին, հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը: 160. հազար հայեր ամբողջ աշխարհից շուրջպար են բռնելու ի նշան ազգի միասնության: Շուրջպարը կազմակերպում է Հայաստանի «Նիգ-Ապարան» հայրենակցական բարեգործական կազմակերպությունը: «Նիգ-Ապարան» կազմակերպության անդամ Օֆելիա Պետրոսյանը հաղորդել է, որ աննախադեպ ակցիան, որը գրանցվելու է Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչների կողմից եւ նկարահանվելու է CNN հեռուստաընկերության կողմից, կտեւի 15 րոպե: Կենդանի շղթա կազմող յուրաքանչյուր մարդու համար հաշվարկված է մեկ մետրից մի փոքր քիչ տարածք, իսկ շուրջպարից հետո յուրաքանչյուր մետրի վրա Արագած լեռան ստորոտում կտնկվի հայրենասիրության ծառ: Շուրջպարի յուրաքանչյուր մասնակից կդնի ծիրանագույն գլխարկ, որը խորհրդանշում է Հայաստանի դրոշի գույներից մեկը, ինչպես նաեւ մայրամուտի գույնը Արագածում: «Շուրջպարը նվիրվում է նաեւ Հայոց ցեղասպանության 90-ամյակին, հայոց գրերի ստեղծման 1600-ամյակին եւ 1918 թվականին Բաշ-Ապարանում թուրքերի հանդեպ տարած հաղթանակին»,-նշել է զրուցակիցը: Ակցիայից մեկ օր առաջ Հայաստանի երիտասարդությունը կհավաքվի լեռան ստորոտում, որտեղ նախատեսվում է ժողովրդական տոնախմբության անցկացումը: Կկազմակերպվեն տոնավաճառներ, որտեղ կներկայացվի Հայաստանի սննդարդյունաբերության ձեռնարկությունների արտադրանքը: Օ.Պետրոսյանի խոսքերով, հայկական սփյուռքի ներկայացուցիչները աշխարհի շատ երկրներից, որոնք մի շարք պատճառներով չեն կարողանա մասնակցել շուրջպարին, ակցիայի նշանակված օրը եւ ժամին (Երեւանի ժամանակով 14:00-ին), ըստ համաձայնության, նմանատիպ շուրջպարեր կկազմակերպեն արտերկրի մշակութային եւ կրոնական կենտրոններում: Շուրջպարի մասնակիցներին Արագածի ստորոտի մոտ հասցնելու համար անհատույց ավտոտրանսպորտ կտրամադրեն երկրի խոշոր գործարարները, հասարակական եւ համայնքային կազմակերպությունները: