28 սեպտեմբերի 2012 - 21:09 AMT
Սերժ Սարգսյանը Եվգենի Կիսինին պարգևատրել է Պատվո շքանշանով

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հյուրընկալել է «Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակում Հայաստան ժամանած աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինին: Նախագահը ողջունել է տաղանդաշատ արվեստագետին և ընդգծել, որ Հայաստանում նրան ընդունում են որպես անկեղծ և մեծ բարեկամի, ով 1988-ի ավերիչ երկրաշարժից ի վեր հայ ժողովրդի կողքին է: Հայ ժողովուրդը, հանրապետության ղեկավարի խոսքով, երախտապարտ է իր բոլոր բարեկամներին, այդ թվում` Եվգենի Կիսինին և մշտապես ուրախ է հյուրընկալել նրանց Հայաստանում:

Սերժ Սարգսյանը նշել է, որ տաղանդավոր մարդիկ նաև մեծ ավանդ են ունենում ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում: Ի նշան հայ ժողովրդի երախտագիտության, ՀՀ նախագահը Եվգենի Կիսինին պարգևատրել է Պատվո շքանշանով` հայ-ռուսական մշակութային կապերի ամրապնդման և զարգացման, ինչպես նաև Հայաստանում 1988թ. տեղի ունեցած աղետալի երկրաշարժից տուժածներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու գործում ներդրած նշանակալի ավանդի համար:

Եվգենի Կիսինը շնորհակալություն է հայտնել նախագահին` բարձր պարգևի և ջերմ խոսքերի համար: Նա նաև շնորհակալություն է հայտնել «Երևանյան հեռանկարներ» փառատոնի կազմակերպիչներին ու աջակիցներին` ընդգծելով, որ աշխարհի հեղինակավոր մենակատարների և նվագախմբերի ունկնդրած երևանյան հանդիսատեսը, իրոք, արժանի է լավագույն երաժշտության, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը: