1 հոկտեմբերի 2012 - 15:15 AMT
Մեկնարկել է շվեյցարացի պատգամավորների և հեռուստալրագրողների այցը Հայաստան և Արցախ

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի աջակցությամբ և «Շվեյցարիա-Հայաստան» ընկերակցության նախաձեռնությամբ սույն թվականի սեպտեմբերի 29-ից մեկնարկել է Շվեյցարական Համադաշնության Դաշնային Ժողովի Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական խմբի անդամների այցը Հայաստան և Արցախ: Պատվիրակությանն ուղեկցում է Շվեյցարիայի հանրային հեռուստառադիոընկերությունը:

Այցի շրջանակներում Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի կողմից կազմակերպվել է շվեյցարացի պատգամավորների այցը Տաթև զբոսաշրջային գոտի: Ներկայացվել է պետական-մասնավոր համագործակցության արդյունքում ծնված Տաթև զբոսաշրջային գոտու զարգացման ծրագիրը, ինչպես նաև ՀԱՄՀ հոգաբարձուների խորհրդի անդամ Ռուբեն Վարդանյանի կողմից իրականացվող սոցիալական պատասխանատու ձեռնարկատիրության ձևաչափը:

Քննարկվել են երկու երկրների միջև զբոսաշրջության ոլորտում առավել ակտիվ համագործակցության ծավալման հնարավորությունները՝ հաշվի առնելով Շվեյցարիայի՝ զբոսաշրջության արդյունքի զարգացման տեսանկյունից համաշխարհային առաջատար լինելու հանգամանքը, ասվում է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի Հանրային կապերի գրասենյակը: