24 մարտի 2005 - 07:50 AMT
ԱՄՆ ՊԵՏԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ. ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՅՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ Է, ՈՐՈՆՔ ԿԱՐՈՂ ԵՆ ՎԵՐԱԾՎԵԼ ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ՊՈՏԵՆՑԻԱԼ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ
Յուրաքանչյուր տարի ԱՄՆ Պետդեպարտամենտը զեկույց է հրապարակում, որտեղ գնահատվում է փողերի լվացման հետ կապված իրավիճակը: Վերլուծության է ենթարկվում աշխարհի 200 պետություններում տիրող իրավիճակը, հաղորդում է «Washington ProFile»-ը: Երկրները բաժանված են երեք կատեգորիաների` «առավել խնդրահարույց» (երկրներ, որտեղ նշվում է դրամի մեծ գումարների լվացում` դրանց թվին են դասվում նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգները), «խնդրահարույց» (որտեղ նման գործընթացներ գրանցվում են, սակայն սահմանափակ մասշտաբով) եւ «դիտարկվողները» (երկրներ, որոնք չեն բախվում նման խնդիրների հետ, սակայն կարող են վերածվել փողերի լվացման պոտենցիալ կենտրոնների): 2004 թվականին Եվրոպայի եւ Եվրասիայի երկրների ցանկում «առավել խնդրահարույցների» շարքին են դասվում` Ավստրիան, Բոսնիան եւ Հերցոգովինան, Հունգարիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Հունաստանը, Իսպանիան, Իտալիան, Կիպրոսը, Լատվիան, Լիխտենշտեյնը, Լյուքսեմբուրգը, Նիդերլանդները, Ռուսաստանը, Թուրքիան, Ուկրաինան, Ֆրանսիան, Շվեյցարիան: «Խնդրահարույցների» անվանակարգում են հայտնվել` Ալբանիան, Բելառուսը, Բուլղարիան, Իռլանդիան, Մոնակոն, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Սերբիան եւ Չեռնոգորիան, Սլովակիան, Ուզբեկստանը (փոխադրվել է «դիտարկվողների» կատեգորիայից) եւ Չեխիան: «Դիտարկվողների» կատեգորիայում են` Ադրբեջանը, Անդորան, Հայաստանը, Վրաստանը, Դանիան, Իսլանդիան, Ղազախստանը, Ղրղզստանը, Լիտվան, Մակեդոնիան, Մալթան, Մոլդովան, Նորվեգիան, Սան Մարինոն, Սլովենիան, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ֆինլանդիան, Խորվաթիան, Շվեդիան, Էստոնիան: