24 մարտի 2005 - 11:09 AMT
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ
Հայաստանի Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը ստորագրել են տնտեսական համագործակցության հարցերով հայ-ամերիկյան հանձնաժողովի միջոցառումների ծրագիրը: «Ծրագիրը կազմված է 30 կետերից եւ շոշափում է ֆինանսական վարչարարության բարելավումը, բանկային ոլորտի ամրապնդումը, կոռուպցիայի դեմ պայքարը, գործարար հանրության ակտիվացման աճը, Հայաստանի բնակչության պահանջների բավարարումը հասարակական ծառայությունների ոլորտում, գյուղատնտեսության եւ մարդասիրական ոլորտներում համագործակցության ամրապնդումը»,- տեղեկացնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանության մամուլի ծառայությունը: Փաստաթղթում նաեւ նշվում է, որ Հայաստանը լիազորված է մասնակցելու ամերիկյան կորպորացիայի «Հազարամյակների մարտահրավերներ» ծրագրում եւ պետք է ապահովի առաջընթացը ծրագրի կողմից ամրագրված ոլորտներում: «Ծրագիրը նպաստում է նրան, որ մենք մեր առաջ դնենք հստակ խնդիրներ, եւ ապահովում է համագործակցությունը կառավարական մակարդակով` հանուն հայ ժողովրդի պայծառ ապագայի»,- ստորագրման արարողությանը նշել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը: