31 մարտի 2005 - 10:57 AMT
ՆԱՏՕ-Ի ԽՎ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՉԻ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ
Մայիսի 27-31-ը Լյուբլյանում (Սլովենիա) կանցկացվի ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանը, որին կմասնակցեն նաեւ հայ խորհրդարանականները, տեղեկացնում է «Երկիր» թերթը: Ադրբեջանի Միլի Մեջլիսի փոխխոսնակ, ՆԱՏՕ-ի ԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Զիյաֆեթ Ասքերովը հայտարարել է, որ վեհաժողովը պետք է ուշադրություն հատկացնի ղարաբաղյան հիմնախնդրին, այդ պատճառով Ադրբեջանը նստաշրջանում առաջ կքաշի ԼՂ հարցը: Մեկնաբանելով այդ հայտարարությունները` ՆԱՏՕ-ի ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Մհեր Շահգելդյանը նշել է, որ նստաշրջանի օրակարգը չի նախատեսում ղարաբաղյան հիմնախնդրի քննարկումը: Այնուամենայնիվ այդ հարցի առաջ քաշման դեպքում հայկական կողմը հիմնավոր փաստարկներ կներկայացնի, հավաստիացրել է Հայաստանի պատվիրակության ղեկավարը: