6 հոկտեմբերի 2012 - 13:49 AMT
ՀՀ նախագահ. Հայաստանը ջանք չի խնայի Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման համար

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի դեմ նոր պատերազմով է սպառնում: Reuters-ին տվծա հարցազրույցում Հայաստանի նախագահը հայտարարել է, որ Ադրբեջանը կուտակել է սպառազինության «ահռելի քանակ», նպատակ ունենալով վերսկսել ռազմական գործողությունները: Ըստ նրա, Հայաստանը հանդես է գալիս խնդրի խաղաղ կարգավորման օգտին ու ուժ չի խնայի դրան հասնելու համար:

«Այսօր՝ հրադադարի մասին համաձայնագրի կնքումից 18 տարի անց, Ադրբեջանը մեզ նոր պատերազմով է սպառնում: Բայց, երբ ես խոսում եմ ադրբեջանցիների հայատյացության, Ադրբեջանի կուտակած սպառազինության մասին, երբ ասում եմ, որ Բաքուն պատրաստվում է վերսկսել ռազմական գործողություններն ու ուժային ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը, դա ամենևին չի նշանակում, թե խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունները չպետք է շարունակվեն»,-ասել է Սերժ Սարգսյանը:

Անդրադառնալով Ադրբեջանում մարդասպան Ռամիլ Սաֆարովի ներմանը՝ ՀՀ նախագահը նշել է, որ այդ միջադեպը ցույց տվեց, որ Ղարաբաղը ոչ մի դեպքում չի կարող լինել Ադրբեջանի կազմում: «Դա ևս մեկ անգամ հաստատում է, որ Ղարաբաղի ժողովուրդն ապագա չունի Ադրբեջանի կազմում»:

«Մենք չենք կասկածում, որ Ադրբեջանի նպատակն է փոխել իրավիճակը ռազմական ներուժի միջոցով, և դրա միակ կանխարգելիչ մեխանիզմը հայկական բանակի մարտունակությունն է»,-ասել է նա:

Սերժ Սարգսյանը կոչ է արել միջազգային հանրությանը կոնկրետ քայլեր ձեռնարկել կարգավորման ուղիներ գտնելու համար: Ընդ որում, նա հավելել է, որ Ադրբեջանը խախտում է Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագիրը, ինչին տեղյակ են տեսուչները, սակայն ոչ մի կերպ դրան չեն արձագանքում:

Պատասխանելով այն հարցին, թե վստահ է արդյոք, որ կարգավորված կտեսնի ղարաբաղյան խնդիրը, նա հայտարարել է. «Ես վտահ եմ»: «Ամեն դեպքում, ես հուսով եմ, որ երբեք չեմ տեսնի Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, ինչն արդեն իսկ մեծ հաջողություն է»,-ասել է նա: