Այսօր Վայոց Ձորի մարզի Արենի գյուղում բացվեց 4-րդ գինու փառատոնը: Դեպի գյուղի գլխավոր հրապարակ տանող ճանապարհի վրա տեղադրված են տաղավարներ, որտեղ ներկայացված է մարզի մի շարք համայնքների բերքն ու բարիքը: Ճանապարհի աջ կողմում տեղադրված են գինու սեղանները:
Գյուղի գլխավոր հրապարակում տեղադրված էր մեծ կաթսա, որի մոտ Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը դիմավորեց գինի արտադրող համայնքների ներկայացուցիչներին: Վերջիններս հերթով մտան հրապարակ և շարժվելով դեպի կենտրոն իրենց արտադրած գինին լցրեցին այդ տարայի մեջ, իսկ վերջում մարզպետը նախորդ տարվա գինով կուժը դատարկեց կաթսայի մեջ:
Այս արարողությանը հաջորդեց խաղողի ճզմման արարողությունը և ազդարարվեց փառատոնի պաշտոնական բացումը: Արարողությանը ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Բեմահարթակում և դրան կից հրապարակում սկսվեց երգ և պար: Փառատոնի ընթացքում անցկացվում է նաև համտես-մրցույթ, որի ժամանակ որոշվում է անհատների կողմից պատրասրված գինու որակը:
Պարգևատրման ավարտից հետո չանի միջի գինուց կլցվի կուժը և հանդիսավոր փակվելով` կպահպանվի մինչև հաջորդ տարի:
Փառատոնի շրջանակում կազմակերպվել են նաև խաղարկություններ ու գրքի ցուցահանդես: