ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհայանը հոկտեմբերի 6-ին հանդիպել է «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով լրագրողների 6-րդ համահայկական համաժողովի մասնակիցներին: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Ինչպես հայտնում է ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունը, ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել սփյուռքահայ լրագրողների ավանդը Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորագույն գործում:
Խոսելով ՀՀ զինված ուժերի մարտունակության մասին` Սեյրան Օհանյանը նկատել է, որ այս ընթացքում Հայաստանում իրականացվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի մասնակցությամբ «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժությունը, իսկ ներկայումս շարունակվում են հոկտեմբերի 1-ից մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները:
Հանդիպման ընթացքում «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով լրագրողների 6-րդ համահայկական համաժողովի մասնակիցները հարցեր են ուղղել Սեյրան Օհանյանին, որոնք վերաբերում էին բանակի ձեռքբերումներին և թերություններին, զորակոչի գործընթացին, տարածաշրջանային խնդիրներին, ինչպես նաև երկու գերատեսչությունների միջև համագործակցությանը:
Միջոցառումը եզրափակվել է պարգևատրման հանդիսավոր արարողությամբ: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից մի շարք լրագրողներ և լրատվամիջոցների ղեկավարներ արժանացել են գերատեսչական մեդալների ու պատվոգրերի: