13 հոկտեմբերի 2012 - 09:58 AMT
«ՀԺ». Բալասանյանի առաջին աշխատանքային օրը. Լուրեր են տարածվել, որ նրա թիկնապահներն արդեն հասցրել են մարդ ծեծել

Երեկ՝ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի աշխատանքային առաջին օրը, նրա աշխատասենյակի դռանը մեծ հերթ է եղել՝ մոտ 300 հոգանոց: Քաղաքապետարանի աշխատակիցները փորձել են առանձին-առանձին մտնել նրա մոտ և պարզել՝ ինչպես են շարունակելու իրենց աշխատանքը կամ արդյոք շարունակելո՞ւ են:

«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ արդեն աշխատանքից ազատվելու դիմում են գրել փոխքաղաքապետեր ՀԿԿ-ական Գագիկ Մանուկյանը, որի փոխարեն նշանակվել է Ռուբեն Սանոյանը, և ՕԵԿ-ական Ռուդիկ Հովհաննիսյանը, որին փոխարինել է Գուրգեն Մալխասյանը:

Աշխատանքից ազատվելու դիմում է գրել բնակկոմունալ բաժնի պետ Հովհաննես Գրքիկյանը, նրան փոխարինել է Կնյազ Մանասյանը: Քաղաքաշինության բաժնի պետ ՌաՖիկ Հակոբյանի փոխարեն նշանակվել է Հրայր Կարապետյանը, կրթության բաժնի պետ Հովհաննես Կարապետյանի փոխարեն՝ Արմեն Նախշքարյանը, եկամուտների հավաքագրման բաժնի պետ է նշանակվել Սամվել Բալասանյանի նախկին խորհրդական Կարեն Բադալյանը:

Ազատում-նշանակումներն այսքանով չեն ավարտվելու՝ շարունակվելու են: Իսկ ընդհանրապես Բալասանյանի օրը երեկ շատ բուռն է անցել: Լուր տարածվեց, որ նրա թիկնապահներն արդեն հասցրել են մարդ ծեծել: Նրա խոսնակը, սակայն, հերքում էր այդ տեղեկությունը: Ըստ նրա, Բալասանյանը թիկնապահ չունի: Ի դեպ Սերժ Սարգսյանը, ըստ թերթի աղբյուրների, երկուշաբթի օրը աշխատանքային այցով մեկնելու է Գյումրի: