13 հոկտեմբերի 2012 - 11:59 AMT
Հոգեբան. Թրաֆիքինգը պայմանավորված է մեր ազգի հոգեբանական խնդիրներով

Թրաֆիքինգը դարավոր ավանդույթներ ունի, և Հայաստանում այդ թեման միշտ արդիական է: Այսօր այդ մասին լրագրողներին է հայտարարել հոգեբան Մարիամ Մեհրաբյանը: «Սպիտակ ստրկությունը» կշարունակի լինել այնքան ժամանակ, քանի դեռ մենք ուշադրություն չենք դարձնում մեր ազգի հոգեբանական խնդիրներին: Դա նշանակում է, որ դրա զոհ են դառնում այն մարդիկ, որոնք մանկության տարիներին բռնության են ենթարկվել ընտանիքի ներսում: Արդյունքում մարդը դառնում է ինքն իր գերին, չի ունենում ինքնորոշում և չի կարողանում ինքն իրեն գտնել»,- ասաց նա:

Ըստ հոգեբանի, ամենահարմար առիթի դեպքում աղջիկները կարող են դառնալ կավատի զոհ, աշխատանքային թրաֆիքինգի զոհ դառնում են հիմնականում տղամարդիկ, իսկ անչափահասների թրաֆիքինգը չափազանց մեծ խնդիր է, և նրանք մուրացկանության, թափառաշրջիկության արդյունքում անգամ մանկություն չեն ունենում. «Դեռևս բավականին փաստեր չունեմ օրգանների թրաֆիքինգի մասին խոսելու համար: Բայց ամենասարսափելին շարունակում է մնալ կանանց թրաֆիքինգը: Իմ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ թրաֆիքինգ իրականացնողներից մեկը ժամանակին ինքը ևս եղել է զոհ»:

«Հայ կանանց թրաֆիքինգը հիմնականում կատարվում է մի քանի ուղիներով: Կանայք բռնության են ենթարկվում Արաբական Միացյալ Էմիրություններում, նրանք մեկնում են Ռուսաստան, որտեղից էլ հատում են Էմիրությունների սահմանը: Կանայք ֆիկտիվ ամուսնանում են և այդպես մուտք գործում երկիր: Մյուսը`Թուրքիան է, ուր մեկնում են Հայաստան-Վրաստան և Վրաստան-Թուրքիա ցամաքային սահմանով»,- ընդգծեց իրավաբան Մարիաննա Եղիազարյանը:

Մարիամ Մեհրաբյանը նշեց, որ Հայաստանում ռիսկային գոտին Վանաձորն է և Գյումրին, ինչը մեկնաբանվում է սահմանների մատչելիությամբ: Նրա հետազոտության արդյունքում պարզվել է, որ հետազոտված կանանց 80 տոկոսը գնացել են որպես մատուցող, խոհարար և այլ աշխատանքներ կատարելու համար: «Բայց կան նաև շատ մարմնավաճառներ, որոնք գիտակցաբար գնում են ավելի շատ գումար վաստակելու համար, մենք դրա դեմ չէ, որ պայքարում ենք»,- շեշտեց նա: