
Երևանում բացվեց «Ալյանս Ֆրանսեզ» հիմնադրամի նոր մասնաշենքը: Բացմանը ներկա էին ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ` վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, ինչպես նաև դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ` Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոյի գլխավորությամբ:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդես եկավ ողջույնի խոսքով, որում, մասնավորապես, նշեց. «Ես ողջունում եմ «Ալյանս Ֆրանսեզ» հիմնադրամի նոր մասնաշենքի բացումը Հայաստանում: Կարևորում եմ նաև այն փաստը, որ այս իրադարձությունը համընկնում է Հայաստանի` Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ ճանաչվելու հետ: Կարծում եմ, որ այս մասնաշենքի բացումը նոր շունչ կհաղորդի հայ-ֆրանսիական երկկողմ հարաբերություններին: ՀՀ կառավարությունը շահագրգռված է համագործակցելու «Ալյանս Ֆրանսեզ» հիմնադրամի հետ` նպաստելու հայերի գիտելիքների խորացմանը ֆրանսիական լեզվի և մշակույթի մեջ: Եվս մեկ անգամ շնորհակալ եմ նոր մասնաշենքի բացմանն ուղղված բոլոր ջանքերին, որոնց շնորհիվ Հայաստանը կդառնա «Ալյանս Ֆրանսեզի» համաշխարհային շարժման լիիրա անդամը»:
Ողջույնի խոսքով հանդես եկան նաև Ֆրանսիայի դեսպանը, «Ալյանս Ֆրանսեզ» ֆրանսիական հիմնադրամի գլխավոր քարտուղար Ժան-Քլոդ Ժակը, ինչպես նաև «Ալյանս Ֆրանսեզ» հիմնադրամի հայաստանյան նախագահ
«Ալյանս Ֆրանսեզը» ստեղծվել է 1883թ. Պոլ Քամբոնի նախաձեռնությամբ` նոր ձևավորվող գաղութային կայսրությունում ֆրանսիական մշակույթը տարածելու նպատակով: Այս նախաձեռնությունը սատարվեց այնպիսի հանրաճանաչ անհատների կողմից, ինչպիսիք են Ժյուլ Վեռնը, Էռնեստ Ռենանը, Լուի Պաստորը: Ստեղծման ընթացքում, ասոցիացիայի գլխավոր նպատակը հետևյալն էր. «ֆրանսերեն լեզվի տարածման միջոցով պահպանել և տարածել Ֆրանսիայի ազդեցությունը նրա գաղութներում և արտերկրում:
Շատ արագ կերպով ԱՖ-ն զարգանում և համաշխարհային մակարդակով լայն տարածում է գտնում: Մինչ օրս էլ, Ալյանսի նպատակը ողջ աշխարհում ֆրանսերեն լեզվի ու մշակույթի տարածումն է, ինչպես նաև այն երկրների մշակույթների ու արվեստագետների խրախուսումը, որտեղ այն ներկայացված է: Ալյանս Ֆրասեզները ապահովում են ֆրանսերեն լեզվի դասավանդումը և տրամադրում Կրթության ազգային նախարարության չափանիշներին համապատասխան դիպլոմներ: Ալյանսներից շատերն իրականացնում են մշակութային միջոցառումներ, կազմակերպում քննարկումներ, համաժողովներ, բարեկամական հանդիպումներ:
Հաճախ «Ալյանս Ֆրանսեզները» ստեղծվում են տեղական նախաձեռնությամբ և հեշտությամբ ներգրավվում այն երկրների սոցիալական կյանքում, որտեղ նրանք ներկայացված են: Մեծ մասամբ նրանք գործում են ինքնաֆինանսավորման սկզբունքով:
2012թ. դրությամբ Ալիանս Ֆրանսեզն ունի 1072 կոմիտե ողջ աշխարհում, ներկայություն հինգ մայրցամաքների ավելի քան 135 երկրներում, ԱՖ-ի ցանցերի միջոցով ավելի քան 500 000 ֆրանսերեն ուսումնասիրող:
«Ալյանս Ֆրանսեզը» պետք է ճանաչված լինի «Ալյանս Ֆրանսեզ» հիմնադրամի կողմից: Հիմնադամը սատարում և ուղեկցում է բոլոր ԱՖ-երին, որոնք ցանկանում են ստեղծվել, ընդարձակվել և զարգանալ:
ԱՖ-ի հիմնական նպատակը ֆրանսերեն լեզվի ազդեցության տարածումն է: Այս է պատճառը, որ ԱՖ-երը գերազանցապես աշխատում են տարածել ֆրանսերենի դասավանդումը: ԱՖ-ի նպատակներից մեկն էլ մշակութային համագործակցության և դիվանագիտական հարաբերությունների ամրապնդումն է այն երկրների հետ, որտեղ նրանք ներկայացված են: ԱՖ-երը իրականացնում են մշակութային համագործակցության ծրագրեր կինոյի, կերպարվեստի, երաժշտության, պարարվեստի և թատրոնի ասպարեզներում: ԱՖ-ը կոչված է Ֆրանսիայի և ֆրանկոֆոն երկրների հետ հաստատել, պահպանել և ամրապնդել մշակութային կապեր, որոնք կոչված են նպաստելու երկու ժողովուրդների միջև փոխըմբռնմանը, բարեկամությանը և փոխանակումներին: