Արցախի Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ գյուղում ավարտվեց սբ.Գևորգ եկեղեցու շինարարությունը: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց եկեղեցու ճարտարապետական նախագծի հեղինակ Մանուշակ Տիտանյանը, եկեղեցու հիմնարկեքը կատարվել էր 2012թ. մարտի 20-ին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի կողմից: «Արցախի պաշտպանության բանակի զորամասերից մեկի հրամանատարի նախաձեռնությամբ սկզբում որոշվել էր կառուցել մատուռ, սակայն ավելի ուշ հանգեցինք այն եզրակացությանը, որ ավելի լավ կլինի եկեղեցի կառուցել, որպեսզի նաև պատարագներ մատուցվեն: Եկեղեցու շինարարությունը հնարավոր եղավ իրականացնել մի մեծ և կուռ թիմի, այդ թվում Արցախի թեմի երիտասարդների մտավոր, հոգևոր և ֆիզիկական անշահախնդիր հսկա հավաքական ուժի միջոցով»,- պատմեց նա:
Ճարտարապետը հավելեց, որ այսօր օծվեցին սբ.Գևորգ եկեղեցու խաչը, զանգը և սբ.Գևորգի սրբապատկերը, իսկ հոկտեմբերի 22-ին տեղի կունենա եկեղեցու օծումը, և Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը կմատուցի առաջին պատարագը:
Դրա հետ մեկտեղ Մանուշակ Տիտանյանը նշեց, որ դեռևս պարզ չէ` արդյոք եկեղեցին կունենա մշտական քահանա: «Ներքին Հոռաթաղում գործում է մի եկեղեցի, և ենթադրում եմ, որ այդ եկեղեցու հոգևոր առաջնորդն առնվազն 40 օրը մեկ պատարագ կմատուցի նորակառույց եկեղեցում, որպեսզի վերջինս գործող համարվի»,- նշեց նա` հավելելով, որ սրահավոր եկեղեցին ունի փոքրիկ ռոտոնդա, որտեղ կկախվի օծված զանգը: