18 հոկտեմբերի 2012 - 14:30 AMT
Երևանում բացվել է ԱՊՀ պետությունների ուսումնական գրականության էքսպո-ցուցահանդես

ԱՊՀ անդամ պետությունների կրթության ոլորտի աշխատողների և ուսուցիչների 2-րդ համագումարի շրջանակում Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում բացվել է էքսպո-ցուցահանդես: Էքսպոյին մասնակցում են ԱՊՀ երկրների տարբեր կրթական կառույցներ, ինչպես նաև հրատարակչատներ:

«Մեր կորպորացիան նմանօրինակ միջազգային ցուցահանդեսների մշտական մասնակից է, այդ թվում Ֆրանսիայի և Գերմանիայի գրքի ցուցահանդեսների: Դրանք մեծ նշանակություն ունեցան մեր կորպորացիայի համար»,-PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց «Աթամուրա» կորպորացիայի ներկայացուցիչ Նուրլան Քանքենովը:

«Աթամուրա» ընկերությունը տարեկան 400 անուն գիրք է հրատարակում Ղազախստանի դպրոցների 1-11-րդ դասարաննեի համար: Այն հիմնադրվել է 1992 թ-ին:

Ցուցահանդեսը նպատակաուղղված է ԱՊՀ անդամ պետություններում կրթական բարեփոխումների, մանկավարժական նվաճումների և նորարարությունների արդյունքների, հեղինակային և այլընտրանքային կրթական մեթոդների առանձնահատկությունների, լրացուցիչ կրթության հաջողված օրինակների, ուսումնամեթոդական նյութերի և ձեռնարկների, փորձի փոխանակման ներկայացմանը: