15 ապրիլի 2005 - 11:46 AMT
ԿՈՊԵՆՀԱԳԵՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
«Մոմիկ» մշակութային կենտրոնի եւ Դանիայի հայ համայնքի նախաձեռնությամբ ապրիլի 21-24-ը Կոպենհագենում կանցկացվի 12 հայ նկարիչների ցուցահանդես, տեղեկացնում է «Երկիր» թերթը: Միջոցառումը նվիրված է Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցին: Իր գործունեության ընթացքում «Մոմիկը» Հայաստանում եւ արտասահմանում կազմակերպել է շուրջ 40 ցուցահանդես, որտեղ ներկայացվել են հայկական գեղանկարչության եւ կիրառական արվեստի ավելի քան 50 արվեստագետների գործեր: 2002 թվականից ի վեր կենտրոնը լույս է ընծայում «Հայ արվեստ» ամսագիրը, որն այս տարվանից կհրատարակվի նաեւ անգլերեն լեզվով: Ամսագիրը տարածվում է շուրջ 15 երկրների հայ համայնքներում: Աշնանը «Մոմիկը» նախատեսում է Սփյուռքում կազմակերպել ցուցահանդես` նվիրված հայոց գրերի ստեղծման 1600-ամյակին: