ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն իր հիասթափությունն է հայտնել կացնով մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման վերաբերյալ: Այդ մասին ըստ ԱՄՆ Պետդեպարտամենտի աղբյուրների նա հայտարարել է Հունգարիայի ԱԳ նախարար Յանոշ Մարտոնյիի հետ հանդիպմանը, որն այցով գտնվում է Վաշինգտոնում:
Պատասխանելով ԱՄՆ-ում Հայաստանի Հանրային հեռուստատեսության թղթակցի հարցին ՝ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հայտարարել է, որ «պետքարտուղար Քլինթոնը կրկին իր խոսը հիասթափությունն է հայտնել այն փաստի առնչությամբ, որ Հունգարիան արտահանձնեց մարդասպան Սաֆարովին, որն էլ անմիջապես ներում ստացավ Բաքվում: Այդ որոշումը բացասաբար անդրադարձավ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի վրա և վնասեց երկու երկրների միջև վստահության մթնոլորտի ձևավորմանը»:
«Մենք ողջունում ենք Հիլարի Քլինթոնի ջանքերը՝ ևս մեկ անգամ տեղեկացնելու համար Հունգարիայի ղեկավարությանը, որ Սաֆարովի արտահանձնման նրանց չմտածված քայլը խարխլում է խաղաղ գործընթացը: Մենք կոչ ենք անում պետքարտուղարին խոսքից գործի անցնել՝ ոչ միայն քննադատել, այլ կասեցնել ամերիկյան սպառազինության վաճառքը և դադարեցնել ամեն տեսակի ռազմական օգնությունն Ադրբեջանին»,-ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: 2004թ. փետրվարի 19-ին լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը Բուդապեշտում գազանաբար կացնահարվեց ադրբեջանցի սպա, ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովի կողմից: Երկուսն էլ Բուդապեշտում մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերեն լեզվի դասընթացներին: 2006թ. ապրիլի 13-ին մարդասպանը Բուդապեշտում դատապարտվեց ցմահ բանտարկության՝ 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի: Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Գուրգեն Մարգարյանը 2005թ. փետրվարի 19-ին հետմահու պարգևատրվեց «Արիության համար» մեդալով՝ ծառայության ընթացքում դրսևորած արիության ու ինքնազոհողության համար:
Օգոստոսի 31-ին Սաֆարովը Հունգարիայի կողմից արտահանձնվեց Ադրբեջանին, որտեղ անհապաղ ներում ստացավ՝ նրան շնորհվեց մայորի կոչում, նոր բնակարան, վճարվեց 8 տարվա աշխատավարձը: Ի պաստասխան Հայաստանը կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:
Մինչդեռ հունգարական կողմը պնդում է, որ Բաքուն հավաստիացումներ է տվել, որ Սաֆարովը կշարունակի կրել պատիժն Ադրբեջանում, ոչ պակաս քան 25 տարի:
Ըստ որոշ տվյալների Սաֆարովն արտահանձնվել է Ադրբեջանի կողմից 2-3 մլրդ եվրոյի պարտատոմսեր գնելու Բաքվի խոստման դիմաց: Պաշտոնական Բուդապեշտը դա հերքում է: