ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին բաց նամակ են ուղարկել Ամիրյան 4/14, 4/16, 4/18, 4/20,4/22,4/24 հասցեներում գրանցված բնակիչները: Նամակում ասված է.
«Մեծարգո Պարոն Նախագահ, մենք լինելով պետական կարիքների համար իրացվող տարածքի բնակիչներ, 2005թ-ին ստիպված էինք կնքել անշարժ գույքի իրացման և փոխհատուցման պայմանագրեր, համաձայն որի, 30 ամիս հետո պետք է մեր տների տեղում կառուցվող շենքից ստանայինք մեր բնակարանները։ Քաղաքապետարանի և կառուցապատողի միջև 2004թ. հուլիսի 23-ին կնքված պայմանագրով շենքի շինարարության վերջնաժամկետն էր 2007թ. հունիսի 1-ը, սակայն 2008թ. միայն շենքի նախագիծն է հաստատվել։
2009 թ. ՀՀ կառավարությունը 3 մլն. դոլար տրամադրեց Ամիրյան 4 շենքի շինարարությունը ավարտելու համար։ Ինչ եղավ այդ գումարը, հանելուկ է, փաստը այն է, որ շինարարությունը առայսօր չի ավարտվել։ Դատելով շինարարության ներկա տեմպից, մոտակա 2-3 տարում չի էլ ավարտվի։ 2009թ. ՀՀ կառավարության կողմից Ամիրյան 4 շենքի շինարարությունը ավարտելու համար տրամադրված 3 մլն. դոլարի անհետացման և շինարարության վերջնաժամկետը հինգ ու կես տարով խախտելու հարցը ՀՀ ոչ մի պետական մարմնի չի հետաքրքրում։
2011–2012 թ.թ. Ֆինանսների նախարարության հետ բանակցությունների հետևանքով մենք կնքեցինք Հաշտության պայմանագրեր, որոնցով ստիպված էինք հրաժարվել պայմանագրերով նախատեսված բնակության վարձակալության, կրած վնասների և շինարարության ձգձգման տույժերից։ Փոխարենը ստիպված էինք պարտավորվել վճարել հողի հարկ, որը պարտավոր էր վճարել կառուցապատողը (ըստ մեր ու կառուցապատողի միջև կնքված պայմանագրերի և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի):
Ֆինանսների նախարարությունը խոստացավ, որ շենքի շինարարությունը կավարտվի երեք ամսվա ընթացքում: Անցել է մեկ տարուց ավելի, սակայն շենքի շինարարությունը չի ավարտվել ու մոտակա մի քանի տարիներին չի էլ ավարտվի և մենք շարունակում ենք վարձով ապրել: Բացի դրանից չեն կատարվում Հաշտության պայմանագրի կետերը՝ արտաքին դռների ու լուսամուտների տեղադրում, պատերի շարում և այլն: Մինչև շենքի ավարտը մենք բնակարան վարձելու վրա ավելի մեծ գումար կծախսենք, քան հողի հարկն է: Ստացվում է, որ ընդառաջելով մեր պետությանը և կնքելով Հաշտության պայմանագրերը, մենք քառակի ենք տուժում` հրաժարվելով պայմանագրերով նախատեսված տույժերից, կառուցապատողի փոխարեն վճարելով հողի հարկը, տեղադրելով Հաշտության պայմանագրով նախատեսված, բայց չտեղադրված դռներն ու լուսամուտները, պատերի շարումը, ջրի և կոյուղու գծերը, և շարունակելով վճարել վարձակալած բնակարանների համար:
Այդ որ օրենքով է, որ պետական կարիքների համար իրացված բնակարանների փոխարեն ստանալիք բնակարանների համար մենք պետք է վճարենք հողի հարկ: Բացի դրանից հողի հարկի վճարելը իրավունք է, այլ ոչ պարտավորություն: Կառուցապատողը պետությանը խոշոր պարտքեր ունի և դրանք պետք է վճարվեն, բայց ինչու մեր հաշվին:
Բազմաթիվ անգամ գրավոր դիմել ենք Ձեր աշխատակազմին, կառավարությանը, քաղաքապետարանին։ Բոլոր դիմումները վերահասցեագրվում են քաղաքապետարանին, որը տալիս է Արկադի Ռայկինի հայտնի հերոսին արժանի պատասխան` փոխանակ պարզապես նշի պետության կողմից հաստատված շենքի շինարարության նոր վերջնաժամկետը, մեր դիմումները վերահասցեագրում է ԾԻԳ, որը մեր հետ երբեք ոչ մի առնչություն չի ունեցել և չունի, որն էլ իր հերթին մեզ ուղարկում է կադաստր: Այս ամենից հետևում է, որ Ամիրյան 4 շենքի շինարարության նոր վերջնաժամկետը կամ պետական գաղտնիք է, կամ պետության հետ կնքված պայմանագրի կատարումը թողնված է շենքի տեր հանդիսացող օլիգարխի քմահաճույքին, կամ էլ այս շենքը գտնվում է ոչ միայն Երևանի քաղաքապետարանի, այլև ՀՀ իրավասությունից դուրս:
Միթե այս երկրում չկա մի պետական մարմին՝ Կառավարություն, Քաղաքապետարան, Քաղաքաշինության նախարարություն և այլն, որը պարտավոր է հետևել Քաղաքապետարանի և կառուցապատողի միջև կնքված պայմանագրով շենքի շինարարության վերջնաժամկետի պահպանմանը: Թե լիակատար անտերություն է և պետության հետ կնքված պայմանագրի կատարումը թողնված է շենքի տեր հանդիսացող օլիգարխի քմահաճույքին: Եթե պետական մարմինները չեն հարգում իրենց իսկ կնքած պայմանագրերը, ապա ինչպես կարող է քաղաքացին հարգել այդպիսի պետական մարմիններին և չցանկանա օր արաջ արտագաղթել:
Մեծարգո Պարոն Նախագահ, խնդրում ենք միջամտել ու վերականգնել օրինականությունը և արդարությունը»: