ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է հոկտեմբերի 18-ին Կիպրոսի Հանրապետության Նիկոսիա քաղաքում մեկնարկած «Փաստաթղթերի առաքումը` որպես վարույթի կողմի տեղեկատվություն ստանալու իրավունքի էական տարր» թեմայով երկօրյա միջազգային գիտաժողովին։ Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են ՀՀ Արդարադատության նախարարության ԴԱՀԿ մամուլի ծառայությունից:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել Դատական կատարողների միջազգային միության նախագահը, Կիպրոսի դատական կատարողների, Կիպրոսի իրավաբանների միության, Աթենքի դատական կատարողների պալատի, Հունաստանի դատական կատարողների ազգային պալատի ղեկավարները:
Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, միջազգային գիտաժողովի շրջանակում անդրադարձ է եղել նաև եվրոպական երկրներում միջազգային կոնվենցիաների դրույթներին, որոնք առավելապես ուղղված են քննարկվող հարցերի կարգավորմանը:
Իրենց ելույթներում գիտաժողովի մասնակիցները մասնավորապես կարևորել են կատարողական վարույթի շրջանակներում փաստաթղթաշրջանառության հարցում միասնական կարգի և օրենքների ներդաշնակության ապահովումը՝ որպես արդյունավետ գործունեության գրավական: