19 հոկտեմբերի 2012 - 18:16 AMT
Հարություն Խաչատրյանի «Սահմանը» ցուցադրվել է Լուվրում

Հոկտեմբերի 14-ին Լուվրում ցուցադրվեց Հարություն Խաչատրյանի «Սահման» ֆիլմը: Ինչպես հայտնում է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մամուլի ծառայությունը, ցուցադրությանը ներկա էր նաև Հայաստանի ազգային կինոակադեմիայի նախագահ, կինոգետ Դավիթ Մուրադյանը:

«Այն հանգամանքը, որ Լուվրն իր կինոցուցադրությունների դահլիճը տրամադրում է հայկական ֆիլմին, արդեն իսկ շահեկան է մեր երկրի համար: Լուվրը համաշխարհային խաչմերուկ է ոչ միայն այն իմաստով, որ այնտեղ հավաքված է համաշխարհային արվեստի մեծ հարստություն, այլև այցելուների առումով: Լուվրի խաչմերուկում ցուցադրված կինոն ստանում է միջազգային հնչողություն»,-ասաց նա:

Ըստ կինոգետի, Հարություն Խաչատրյանի «Սահման» ֆիլմը բավականին յուրօրինակ ձևով մատուցվեց Լուվրում: Անվանի կինոռեժիսոր Աբաս Քիառոստամին այդ օրերին ֆիլմերն էր ցուցադրում: Ծրագրի կազմակերպիչները Քիառոստամիին առաջարկել էին ցուցադրության համար ընտրել իր ֆիլմերից երկուսը և ևս մեկը` հմաշխարհային կինոյից: Նա ասաց, որ համաշխարհային կինոյից ընտրություն կատարելն իր համար շատ պարզ էր և դա Հարություն Խաչատրյանի «Սահման»-ն էր: