Այսօր «Ազատ դեմոկրատներ» կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում «Ժողովրդավարության և համերաշխության եվրոպական ֆորումի» պատվիրակության հետ, որի կազմում էին Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Եվրոպական սոցիալիստական կուսակցությունից (PES) և Սոցիալիստների ու դեմոկրատների առաջադիմական ալյանսից (S&D Group)՝ Ժան Մարինուս Վիերսմայի և Կրիստիան Վիգենինի համանախագահությամբ: Այս մասին տեղեկացնում է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության լրատվական ծառայությունը:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից հանդիպմանը մասնակցում էին կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը, փոխնախագահներ Անուշ Սեդրակյանը և Հովհաննես Ղազարյանը, գործադիր քարտուղար Մասիս Այվազյանը, մամլո խոսնակ Անժելա Խաչատրյանը, Վերլուծական և Տարածքային-կազմակերպչական բաժինների ղեկավարներ Արթուր Ավթանդիլյանը և Արմեն Առաքելյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր՝ այդ թվում հետընտրական քաղաքական իրավիճակը, ընտրական գործընթացների բարելավվմանն ուղղված քայլերը, ինչպես նաև ներկայիս քաղաքական զարգացումները՝ կապված 2013թ. նախագահական ընտրությունների հետ:
Մեծապես կարևորվեցին կուսակցության դիրքորոշումները Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի և տարածաշրջանային այլ խնդիրների շուրջ:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչները նաև շեշտեցին եվրաինտեգրման գործընթացի կարևորությունը երկրի ժողովրդավարացման և եվրոպական արժեքների լիարժեք գործարկման հարցում: