19 հոկտեմբերի 2012 - 19:37 AMT
Իրանը պատրաստ է հարևան պետությունների հետ համատեղ զարգացնել տրանսպորտային ենթակառուցվածքը

Իրանի քաղաքային շինարարության և ճանապարհների փոխնախարար, տրանսպորտային ենթակառուցվածքի շինարարության և զարգացման իրանական ընկերության գլխավոր տնօրեն Ահմեդ Սադեկին «Մեհր» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանը շարունակում է զարգացնել «Հյուսիս-հարավ» միջանցքը, որով անցնում են կարևորագույն տրանզիտային ուղիները:

Սադեկիի խոսքով, վերոհիշյալ տրանսպորտային միջանցքը սկսվում է Բենդեր-Աբբասում և ավարտվում Աստար նավահանգստում: Այն Իրանը կապում է հարևան պետություններին:

Նա նաև ընդգծել է, որ իր կողմից ղեկավարվող ընկերության կարևորագույն խնդիրը երկաթգծի և ավտոճանապարհային ենթակառուցվածքների զարգացումն է` «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի շրջանակներում:

Հիշեցնենք, որ Հայաստանի դեսպանի հետ վերջերս կայացած հանդիպման ժամանակ Սադեկին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է հարևան պետությունների հետ ակտիվ համագործակցության` տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման ոլորտում: