Հոկտեմբերի 19-ին ՀՀ Ազգային ժողովում հյուրընկալվեցին Հայկական բարեգործական ընդհանուր միության ներկայացուցիչները: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի և ՀԲԸՄ ներկայացուցչական պատվիրակության հանդիպումը տեղի ունեցավ խորհրդարանի նիստերի դահլիճում, հայտնում է ԱԺ մամլո ծառայությունը: Ողջունելով հյուրերին՝ Ազգային ժողովի նախագահն ասաց.
«Սիրելի հայրենակիցներ,տիկնայք և պարոնայք,հարգարժան պարոն Սեդրակյան,
Շատ ուրախ եմ ձեզ ողջունել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում:
Անցյալ դարասկզբից Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, իր հիմնադիր, հայտնի ազգային գործիչ Պողոս Նուբարի նախաձեռնությամբ, ձեռնամուխ է եղել հայ ժողովրդի հոգևոր և մշակութային զարգացմանը նպաստող ազգանվեր գործունեության: Նրա բոլոր բարի գործերը, մարդասիրական ձեռնարկներն ու ծրագրերը, որ իրականացվել ու իրականացվում են Սփյուռքում, Հայաստանում և Արցախում, անուրանալի ներդրում են հայապահպանության ոլորտում, մայր հայրենիքը հզորացնելու գործում:
Բարեգործական հիմնադրամն իր բոլոր նախագահների օրոք՝ երջանկահիշատակ Պողոս Նուբարից մինչև Դուք, հարգարժան պարոն Սեդրակյան, եղել ու մնում եք հայրենիքի ամուր հենարանը, նրա ներկայով ու ապագայով մտահոգ մի կառույց:
Պատահական չէ, որ Հայաստանի երրորդ հանրապետության առաջին ազգային հերոսներից մեկը դարձավ լուսահոգի Ալեք Մանուկյանը, որի դուստրը՝ Բարեգործականը երկար տարիներ արժանապատվորեն ղեկավարած Լուիզ-Սիմոն Մանուկյանը, ներկայումս ձեր կազմակերպության պատվավոր նախագահն է:
Հարգելի հայրենակիցներ, տիկնայք և պարոնայք,
հայկական սփյուռքը ծնվել է մեր մեծ ցավի՝1915 թ. Օսմանյան Թուրքիայում հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության հետևանքով, բայց տարիներով իր մեջ անցյալի դառը հիշողությունն ու վերքը պահելով հանդերձ, կարողացել է ամրանալ, զարգանալ ու դառնալ իսկապես ազդեցիկ երևույթ՝ առանձնանալով իր յուրահատկությամբ և, միևնույն ժամանակ, հաջողությամբ ընդհանուրի մաս կազմելով այն երկրներում, որտեղ ձևավորվել են հայ համայնքներ: Որևէ մեկը չի նախանձի մեր ժողովրդին բաժին ընկած ցավին ու ողբերգությանը, բայց շատ ժողովուրդներ կցանկանային ունենալ այն հնարավորությունները, որոնք ունի մեր ժողովուրդը՝ շնորհիվ իր աշխարհասփյուռ զավակների: Սփյուռքը դարձել է մեր առավելությունը, որ պիտի կարողանանք արժանապատվորեն պահել ու պահպանել, որպես հարստություն, որպես համազգային արժեք, երբեք չմոռանալով, որ դեռևս ամբողջացած չէ նրա իսկ ծննդյան պատճառ դարձած ողբերգության արդարացի գնահատականը:
Սփյուռքի ու հայրենիքի կարևորությունը միմյանց համար փոխադարձ է, որովհետև նրանք փոխադարձորեն միմյանց կարիքն ունեն՝ աջակցելու, սատարելու, ուժ ստանալու և ուժ տալու: Միայն միմյանց թև ու թիկունք դառնալով կարող ենք իսկապես շոշափելի դարձնել ավելի հզոր Հայաստան ունենալու գաղափարը, Հայաստան, որտեղ կարող են ազգային հոգի ու մարմին ստանալ հայամետ ու հայածին գաղափարները՝ ի շահ համայն հայության Հայաստանում, սփյուռքում և Արցախում: Ժամանակի շունչը զգալու և իրավիճակներին անմիջապես արձագանքելու իր ավանդույթին հավատարիմ՝ Բարեգործականը չէր կարող անտարբեր մնալ հայապահպանության անբաժանելի մաս հանդիսացող հարցի՝ Արցախի ճակատագրի հանդեպ: Երբ 20-րդ դարասկզբին Կահիրեում Պողոս Նուբարը հիմնեց Հայկական բարեգործական ընդհանուր միությունը՝ դրանով իսկ առաջին անգամ ստեղծելով համայն հայության խնդիրներին նպատակաուղղված միություն, նրա նպատակակետը համա՛յն աշխարհի հայերն էին: Եվ ահա 20-րդ դարի վերջից Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը՝ ազգային ազատագրական պայքարից մինչ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակում, ևս մեկ հնարավորություն էր Բարեգործականի համար՝ դրսևորվելու որպես իսկապե՛ս համահայկական, իսկապե՛ս բարգործական և իսկապե՛ս հայության ճակատագրի մասին մտածող կազմակերպություն: Այդ առաքելությունը Միությունն այսօր էլ կատարում է պատվով:
Հարգելի հայրենակիցներ,
Ավելի ու ավելի հիմնավոր նպատակներ տեսնելով մայր հայրենիքում և իրականացնելով դրանք՝ Բարեգործականը քաջ գիտակցում է, որ որքան էլ հայության զգալի մասը գտնվում է Հայաստանից դուրս, միևնույն է, Հայաստա՛նն է համայն հայության հավաքականության երաշխիքը, ուժե՛ղ, մրցունա՛կ, զարգացա՛ծ Հայաստանը:
Հենց այդպիսի՛ Հայաստանի կայացմանն է մասնակցում Հայկական բարեգործական ընդհանուր միությունն իր ծրագրերով, ձեռնարկներով, նյութական ու բարոյական ներդրումով և, իհարկե, իր անդամներով՝ հոգաբարձուներից մինչև շարքային ներկայացուցիչներ, ովքեր Բարեգործականի հիմնադիր Պողոս Նուբարի գործը շարունակողներն են»:
Եվս մեկ անգամ ողջունելով Հայաստան և Ազգային ժողով կատարած այցը՝ խորհրդարնի ղեկավարը կարևորեց Հայաստան-Սփյուռք հետագա կապերի ամրապնդումը, նշելով, որ միասնականությամբ հզոր է թե Հայաստանը, թե Սփյուռքը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության ու գնահատանքի խոսքերի համար, ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը նշեց, որ իրենց համար մեծ պատիվ է հյուրընկալվել խորհրդարանում: Պատվիրակության անունից նա պատրաստակամություն հայտնեց հետագայում ևս շարունակել հայապահպանական ու մայր հայրենիքին սատարման առաքելությունը:
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ներկայացրեց խորհրդարանի կառուցվածքն ու գործունության ուղղությունները, օրենսդրական և վերահսկողական գործառույթները, պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին:
ԱԺ նախագահն անդրադարձավ արտագաղթին, շրջափակմանը, ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարմանն ուղղված միջոցառումներին, ղարաբաղյան հակամարտությանն առնչվող հարցերին: Պարոն Աբրահամյանը կարևորեց խորհրդարանական դիվանագիտության դերը, տարբեր երկրների խորհրդարանական պատվիրակությունների այցերը Հայաստան և Լեռնային Ղարաբաղ: «Յուրաքանչյուր նման այց հարյուր ութսուն աստիճանով փոխում է օտարերկրյա պատգամավորների պատկերացումները»,-հավաստիացրեց ԱԺ նախագահը` նշելով, որ այցելով Արցախ, նրանք տեսնում են ժողովրդավարական, կայացած մի պետություն:
Հյուրերի խնդրանքով խորհրդարանի ղեկավարը ներկայացրեց այն քայլերը, որոնք ՀՀ իշխանությունները ձեռնարկել են սիրիահայ համայնքին աջակցելու ուղղությամբ: Հովիկ Աբրահամյանը վստահեցրեց, որ աջակցությունը շարունակական է լինելու:
ԱԺ նախագահը խոսեց նաև տարբեր երկրների հետ ունեցած միջխորհրդարանական կապերի մասին, ներկայացնելով այն սերտ հարաբերությունները, որոնք ձևավորված են արտերկրի օրենսդիր մարմինների հետ: Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ այլ հարցերի ևս: