Երևանի պետական համալսարանում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների կրթության ոլորտի աշխատողների և ուսուցիչների 2-րդ համագումարի աշխատանքների ամփոփումը: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են ԿԳՆ-ից:
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ ԱՊՀ անդամ երկրներում կրթական զարգացումները նման են, սակայն ունեն նաև շատ առանձնահատկություններ: Այդ իմաստով, ըստ Արմեն Աշոտյանի, արդունավետ է եղել լավագույն փորձի փոխանակումը:
Օտարերկրյա պատվիրակներին հետաքրքրել է Հայաստանի փորձը` ավագ դպրոցների ցանցի ստեղծման, 12-ամյա կրթության, հանրակրթական դպրոցներում շախմատի դասավանդման, բարձրագույն կրթության վկայականի միջազգային ճանաչման, Բոլոնիայի քարտուղարության աշխատանքներում ներգրավվածության մասով:
«Մենք մեր տեղը գիտենք ԱՊՀ տարածքում, և այն, վստահեցնում եմ ձեզ, առաջատարների խմբում է, քանի որ հայ մարդը կրթության նկատմամբ ունի պաշտամունքային վերաբերմունք և ցանկանում է լսել ցանկացած արդյունավետ առաջարկ` երբեմն նաև այլոց սխալները չկրկնելու համար»,-ասել է նախարար Արմեն Աշոտյանը:
Համագումարի ավարտին միաձայն ընդունվել է ԱՊՀ անդամ պետությունների կրթության ոլորտի աշխատողների և ուսուցիչների 2-րդ համագումարի բանաձևը: