16 ապրիլի 2005 - 10:47 AMT
ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ ԶՐԿՎԵԼ Է ԿԱՐԵՎՈՐ ԳՈՒՅՔԻՑ
Հայ Առաքելական եկեղեցին զրկվել է կարեւոր ունեցվածքից պետական առգրավման արդյունքում: Այդ մասին, ելույթ ունենալով ապրիլի 12-ին Թուրքիայում դավանանքի ազատության հարցի շուրջ լսումների ժամանակ, հայտարարել է ամերիկացի կոնգրեսականը Հանրապետական կուսակցությունից, որը ներկայացնում է Նյու Ջերսի նահանգը, Հելսինկիի հանձնաժողովի համանախագահ Քրիստոֆեր Սմիթը: Ինչպեո հաղորդում է ԱՄՆ Պետդեպարտամենտը, Ք.Սմիթը ընդգծել է, որ Հունական ուղղափառ եկեղեցին, Սիրիական ուղղափառ եւ կաթոլիկ եկեղեցիները, Հայ Առաքելական եկեղեցին շատ բան են կորցրել Թուրքիայում գործող օրենսդրության պատճառով, որը թույլ է տալիս կառավարությանը իր կառավարման տակ առնել գույքը, որը «դուրս է գալիս գործածությունից», երբ տեղի համայնքի թվաքանակը նվազում է մինչեւ որոշակի մակարդակ: Բացի այդ Հայ պատրիարքարանը շարունակում է պայքարել իր իրավաբանական կարգավիճակի ճանաչման համար: Անցյալ տարվա սեպտեմբերին Թուրքիան նորմատիվ ակտեր է ընդունել, ուղղված կրոնական համայնքի չափի որոշման մեթոդի բարելավմանը եւ իրավաբանական կարգավիճակ ունեցող համայնքներին նոր գույք ձեռք բերելու հնարավորության տրամադրմանը: Սակայն ունեցվածքի կորուստը մեծ վնաս է հասցրել եկեղեցուն, իսկ օրենքը չի նախատեսում դրա վերադարձը` պետության կողմից անարդարացիորեն առգրավվելու դեպքում: Լսումների ընթացքում հանդես է եկել նաեւ Թուրքիայի Մեծ Ազգային ժողովի նախկին անդամ Մերվե Քավակչին, ՀԱԵ տեր հայր Վրթանես Քալայջյանը, հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի երբեմնի անդամ Վան Քրքորյանը, հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը: