Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երկու հայ է զոհվել: Nouvelles d’Armenie-իի փոխանցմամբ, 8 կյանք խլած պայթյունի հետևանքով զոհվել են Ժորժետա Սարգսյանն ու 9-ամյա Նոյ Դոդելյանը:
Պայթյունից մի քանի ժամ անց Բեյրութի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը հայտնել էր PanARMENIAN.Net-ի թղթակցին 9-ամյա հայ երեխայի վիրավորման մասին: Ըստ Քանդահարյանի, ավելի ուշ այդ տեղեկությունը չհաստատվեց:
Բեյրութի քրիստոնեական թաղամասում անհայտ անձինք ավտոմեքենա են պայթեցրել: Ահաբեկչության զոհ է դարձել առնվազն 8 մարդ: Ավելի քան 90 մարդ վիրավորվել է:
Հիշեցնենք, որ պայթյունը տեղի է ունեցել Սասին հրապարակում, ընդդիմադիր «Մարտի 14 շարժում» կենտրոնակայանի մոտ: Այդ շարժմանն անդամակցում են սունիների և որոշ քրիստոնեական կուսակցություններ: Նաև մոտակայքում է գտնվում Ամերիկյան գիտատեխնիկական համալսարանը:
Ահաբեկչական ոչ մի խմբավորում դեռևս իր վրա չի վերցրել պայթյունի պատասխանատվությունը: Իշխանությունները տեղի ունեցածը կապում են հարևան Սիրիայում իրավիճակի թեժացման հետ:
Պայթյունը Բեյրութում բողոքի զանգվածային ալիք է բարձրացրել: Քրիստոնեական և մահմեդական միավորումները պահանջում են կառավարության անհապաղ հրաժարականը: Քաղաքում բարիկադներ են կառուցվում և վրանային ավաններ, փոխհրաձգություն է գնում թշնամաբար տրամադրված իսլամական համայնքների միջև: