«Առավոտ»-ը գրում է. «Նախկին ոստիկան Մխիթար Ալումյանը, որն իր արտաժամյա աշխատանքի մոտ 4 միլիոն դրամ գումարները ոստիկանությունից ստանալու համար էլ հացադուլ, էլ ինքնահրկիզման փորձ արեց, նույնիսկ իր անչափահաս երեխաների հետ նախագահի նստավայրի ու ոստիկանության գլխավոր շենքի մոտ մի քանի անգամ բողոքի ակցիաներ կազմակերպեց, այդպես էլ չստացավ իր հավելավճարները: Սակայն պարզվում է՝ այդ հավելավճարը ոչ թե 4 միլիոն դրամ է, այլ 6 միլիոն» : Երեկ թերթի հետ զրույցում ասել է Մխիթար Ալումյանը: Նրա ներկայացմամբ՝ գլխավոր դատախազության հատուկ քննչական ծառայությունը գրավոր հաստատել է, որ Մխիթար Ալումյանը պետական պահպանության վարչությունում ծառայել է 2002-2011 թվականներին, և արտաժամյա ծառայությունը կազմում է շուրջ 10 հազար ժամ, որն էլ կազմում է 6 միլիոն դրամ:
Թերթը գրում է, որ ոստիկանությունը Ալումյանին 5 հազար դոլար գումար է տրամադրել, սակայն որպես հանգանակություն:
Նրա խոսքերով՝ դատարանի միջոցով ոստիկանությունից պահանջելու է վնասի փոխհատուցում, չվճարված գումարի տոկոսներ, տույժ-տուգանք, ընդհանուր առմամբ պահանջվող գումարը մոտ 9 միլիոն դրամ է:
«Մխիթար Ալումյանի բողոքի ակցիայի հիմնական պատճառն իր անչափահաս երեխաներին կերակրելու ու դստեր վիրահատության համար գումար չունենալն է: Վերջինիս աչքերի վիրահատության համար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը տրամադրել է 8 հազար դոլար, իսկ նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանն էլ 1.600 դոլար է տվել դեղորայքի և ախտորոշման համար, 400 հազար դրամ էլ, այսպես ասած, յոլա գնալու համար»,-գրում է թերթը: