Մեկնարկել է Հայաստանի արտգործնախարարի այցը լատինաամերիկյան երկրներ:
Մեխիկոյում Էդվարդ Նալբանդյանի Հայաստանի արտաքին քաղաքականության մասին դասախոսությամբ հանդես եկավ Մեքսիկայի արտաքին հարաբերությունների քարտուղարության Դիվանագիտական ուսումնասիրությունների Մատիաս Ռոմերոյի անվան ինստիտուտում, որտեղ ներկա էին Մեխիկոյում հավատարմագրված դեսպաններ, արտաքին քաղաքական գերատեսչության բարձրաստիճան ներկայացուցիչներ, փորձագետներ, լրագրողներ, դասախոսներ ու ուսանողներ: Ելույթին հետո նախարարը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին:
Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, նախարար Նալբանդյանը նշեց. «Կոռուպցիոն հարուստ փորձ ունենալով երկրի ներսում՝ Բաքուն փորձում է այն տեղափոխել միջպետական հարաբերությունների հարթություն, օգտագործելով այն որպես գործիք՝ սեփական թյուրընկալումներն ուրիշների վրա բարդելու նպատակով: Ցավոք, որոշ երկրներում որոշ քաղաքական գործիչներ ընկնում են Ադրբեջանի թակարդը, թուլություն են ցուցաբերում, չեն կարողանում դիմանալ Բաքվից եկող կոռուպցիոն գայթակղությունններին: Ներքին փորձից ելնելով, Ադրբեջանում տպավորություն է ստեղծվել, որ միջպետական հարաբերություններում էլ ամեն ինչ գնվում և վաճառվում է»:
Արձագանքելով ներկաների հնչեցրած դժգոհությանը Մեխիկոյում Ադրբեջանի նախկին նախագահի և այսպես կոչված Խոջալուի հուշարձանների տեղադրման կապակցությամբ, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ընդգծեց. «Թե Մեքսիկայում, թե աշխարհով մեկ արձագանքները միանշանակ են, դրան անդրադարձել են մարդու իրավունքներով զբաղվող փորձագետներ, առաջատար լրատվամիջոցներ. CNN, BBC, Associated Press, Reuters, Agence France Press, Time, New York Times, Los Angeles Times, The Washington Post: Այս ցանկը կարելի է շատ երկար շարունակել, կարող եմ ասել, որ համակարծիք եմ արտահայտված տեսակետներին:
Ադրբեջանի նախկին ղեկավարի հուշարձանի ցուցանակը ավետում է, որ ԿԳԲ-ի նախկին պետը միջազգային խաղաղությանը նվիրվածության փայլուն օրինակ է, ով առաջնորդել է Ադրբեջանը դեպի ժողովրդավարություն: Պատկերը ճշմարտությանը համապատասխանեցնելու նպատակով ճիշտ կլիներ ավելացնել, որ մարդու իրավունքների տարբեր կառույցների կողմից այդ երկիրը դասվել է աշխարհի ամենակոռումպացված և հակաժողովրդավարական երկրների շարքում, որ այդ երկիրը դարձել է ուժի կիրառման սպառնալիքների և պատերազմ հրահրելու աշխարհի չեմպիոն»:
Հայաստանի արտգործնախարարը նաև մամլո ասուլիսով հանդես եկավ Մեքսիկայի առաջատար լրատվամիջոցների առջև: