Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 11-րդ նիստը կայացավ Երևանում: Եռօրյա նիստին մասնակցելու համար Երևան էր ժամանել ԻԻՀ պատվիրակությունը` հանձնաժողովի իրանական կողմի համանախագահ, Իրանի էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուի գլխավորությամբ:
Իրանական պատվիրակության կազմում էին նաև տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող պաշտոնյաներ ու մասնագետներ:
Նիստի ընթացքում կողմերը քննարկեցին առևտրատնտեսական, էներգետիկայի, տրանսպորտի և կապի, հանքարդյունաբերության, բնապահպանության, առողջապահության, գյուղատնտեսության և այլ ոլորտներին առնչվող հարցեր:
Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստը եզրափակեց հայկական կողմի համանախագահ, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը և իրանական կողմի համանախագահ, Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուն:
Վերջում ստորագրվեց «Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 11-րդ համատեղ նիստի փոխըմբռնման հուշագիրը», որով կողմերը հաստատեցին 3 կարևոր նախագծերի իրականացման ծրագիրը: Առաջին կարևոր նախագիծը երկու երկրների միջև երրորդ բարձրավոլտ էլեկտրական գծի կառուցումն է, հաջորդը «Մեղրի ՀԷԿ»-ի կառուցումն է, և երրորդը՝ Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը:
«Ես համոզված եմ, որ այս ծրագրերն ու գաղափարները շատ արագ կյանքի կկոչվեն, և մենք միշտ պատրաստ կլինենք հյուրընկալել Իրանի մեր գործընկերներին»- եզրափակիչ ելույթում ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը և շնորհակալություն հայտնեց նրանց Իրան-Հայաստան համատեղ ծրագրերին նոր լիցք հաղորդելու համար:
Իրանական կողմի համանախագահ Մաջիդ Նամջուն նյունպես շնորհակալություն հայտնեց հյուընկալության համար և ասաց, որ իրենք պատրաստ են հաջորդ նիստն անցկացնել Թեհրանում: