25 հոկտեմբերի 2012 - 14:58 AMT
Արմեն Մարտիրոսյան. Նվազագույն աշխատավարձը էապես բարձրացնելու համար աղբյուրներ կան

Նվազագույն աշխատավարձը էապես բարձրացնելու համար աղբյուրներ կան: «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը սրանում համոզված է, նույնիսկ, օրինակներ ունի: Ըստ պատգամավորի` աղբյուրները գտնելու համար, պարզապես պետք էր լավ աշխատել և քաղաքական կամք դրսևորել: «Աղբյուրները միշտ կարելի է գտնել` ստվերը կրճատելով, մոնոպոլիաները կրճատելով ու հարկային դաշտ բերելով: Ես միանշանակ համոզված եմ, որ հանքարդյունաբերության ոլորտում էլ կգտնվեն այդ գումարները»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արմեն Մարտիրոսյանը: Պատգամավորի համոզմամբ` որևէ մեկը մինչև հիմա չի հաշվարկել, թե առաջին անհրաժեշտության ապրանքները ինչ տոկոս են կազմում մեր քաղաքացիների կենսապահովման զամբյուղում: «Եթե մեր կառավարությունը ուշադրություն դարձրաձ լիներ, ապա կնկատեր, որ թանկացումները հենց առաջին անհրաժեշտության ապրանքների մասով են լինում: Եվ նվազագույն աշխատավարձի` մի քանի տոկոս բարձրացնլեը որևէ խնդիր չի լուծում: Ընդհակառակը` աղքատության այս բևեռացման պրոցեսը ավելի է խորանում»,- ասաց «Ժառանգության» ներկայացուցիչը: Արմեն Մարտիրոսյանի դիտարկմամբ` նվազագույն աշխատավարձը պետք էր այնքան բարձրացնել, որ այն գոնե համապատասխաներ կենսապահովման նվազագույն զամբյուղին: Պատգամավորը հիշեցրերց, որ նախկինում կառավարությունը նմանատիպ քաղաքականություն որդեգրել էր, բայց հետագայում հրաժարվեց: Հիշեցնենք` «Նվազագույն աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է նվազագույն ամսական աշխատավարձը 2013թ.-ի համար սահմանել 35000 դրամ: