25 հոկտեմբերի 2012 - 23:30 AMT
ՀՀԿ պատգամավոր. Անհրաժեշտ է հստակեցնել ստուգումների կազմակերպման գործընթացը

ՀՀ խորհրդարանն այսօր քննարկել է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ներկայացրել է հեղինակը՝ ԱԺ ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանը: Նրա խոսքով՝ նպատակը ստուգումների կազմակերպման գործընթացը հստակեցնելն է, հայտնում է ԱԺ հասարակայնության հետ կապերի բաժինը: Մասնավորապես, առաջարկվում է քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան վերստուգումներն իրականացնել միայն այն մասով, որի համար հիմք է հանդիսացել որոշում կայացնելը:

Հարակից զեկուցման ժամանակ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը նշել է, որ խնդիրն արդիական է, և բարձրացվել է ճիշտ ժամանակին: Նրա խոսքով՝ օրենքում առաջարկվող փոփոխությունն ու լրացումը ոլորտում կմտցնեն պահանջվող կարգավորումները: