25 հոկտեմբերի 2012 - 23:40 AMT
Քննարկվել է պարտադիր զինծառայություն չանցած քաղաքացիների մասին օրենքը փոփոխելու նախագիծը

ԱԺ պատգամավորներն առաջին ընթերցման ընթացակարգով քննարկել են «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա տեղեկացրել է, որ «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից խուսափած ու 27 տարին լրացած ՀՀ քաղաքացիները, խուսափելով քրեական հետապնդումից, չեն վերադառնում հայրենիք, հայտնում է ԱԺ հասարակայնության հետ կապերի բաժինը:

Այդ քաղաքացիների նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու նպատակով արդեն երեք անգամ կատարվել է փոփոխություն, որը մեծ խթան է հանդիսացել հազարավոր երիտասարդների վերադարձը հայրենիք ապահովելու գործում: Ըստ նախարարի՝ անցյալ տարվա ընթացքում այս օրենքից օգտվել է 728 հոգի և հիմնադրամ է մուծվել 1 մլրդ 300մլն դրամ: Ըստ կառավարության ներկայացուցչի՝ առաջարկվում է գործող օրենքում «2011 թվականի մայիսի 1-ը» փոխարինել «2012 թվականի նոյեմբերի 1-ը» բառով: Օրինագծի ընդունմամբ կարգավորվում է ՀՀ հազարավոր քաղաքացիներին քրեական հետապնդումից ազատելու խնդիրը, ինչպես նաև ապահովվում է այդ երիտասարդների վերադարձը հայրենիք: Հանդես գալով հարակից զեկուցմամբ՝ ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ Վահան Հովհաննիսյանը նշել է, որ օրենքը բավական երկար նախապատմություն ունի, և տարիները ցույց են տվել, որ Հայաստանում այսօր ներդրված է աշխարհում կիրառվող լուծումներից ամենագործունը: Պատգամավորի խոսքով՝ ՀՀ քաղաքացին անպայման պետք է ներդրում ունենա հայրենիքի պաշտպանության գործում, և այն կարող է լինել նաև գումարային, ինչն օգտագործվում է պայմանագրային զինծառայողներին վարձատրելու համար: Նա միաժամանակ նկատել է, որ օրենքը չպետք է դիտվի որպես պատիժ կամ խրախուսանք. այն կարող է հիմք ծառայել հետագա փոփոխությունների, զարգացումների համար, որոնց մասին խոսելը, ըստ Վահան Հովհաննիսյանի, դեռևս վաղ է: Հարակից զեկուցողին ուղղված հարցերը և հաջորդած մտքերի փոխանակության ժամանակ պատգամավորների հնչեցրած կարծիքները հիմնականում վերաբերել են օրենքի գործողության ժամկետներին, համակարգն առավել ճկուն դարձնելուն, ընթացակարգային խնդիրների: