26 հոկտեմբերի 2012 - 16:48 AMT
Բաքվում ոչ մի կերպ չեն կարողանում հավատալ, որ Ավստրալիայի նահանգը ճանաչել է ԼՂՀ անկախությունը

Ադրբեջանը «պաշտոնական հարցապնդում» կուղարկի Ավստրալիայի կառավարությանը Հարավային Ուելսի նահանգում ընդունված «Ազգերի ինքնորոշման, այդ թվում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման» մասին բանաձևի առնչությամբ: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Էլման Աբդուլլաևը:

Բանաձևի նախագիծը ներկայացրել էր Ավստրալիայի դաշնային կառավարության Հարավային Ուելսի նահանգի օրենսդիր խորհրդի պատգամավոր Մարի Ֆիկկարոն:

«Հարցը պարզաբանելու համար Ադրբեջանը պաշտոնական հարցապնդում կուղարկի Ավստրալիայի դաշնային կառավարությանը»,-ասել է նա՝ հավելելով, որ տեղական մարմինների մակարդակով օրենսդիր մարմինների որոշ անդամներ «հանուն դիվիդենտների տեղական ընտրություններում կատարում են հայ համայնքի պատվերները»: Այս բանաձևը, բնականաբար, «չի արտահայտում Ավստրալիայի դաշնային կառավարության պաշտոնական դիրքորոշումը»,-չգիտես ինչու կարծում է Աբդուլլաևը:

Ավստրալական Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդրական խորհուրդը միաձայն բանաձև է ընդունել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման և 20 տարի առաջ իր անկախության մասին հայտարարած Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին: Բանաձևը ներկայացվել է խորհրդի քննարկմանը Մարի Ֆիկարոյի կողմից: Ինչպես հաղորդում է Ավստրալիայի Հայ դատի ազգային հանձնախումբը, բանաձևում կոչ է արվում Ավստրալիայի կառավարությանը ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը և ամրապնդել նրա հետ հարաբերությունները:

Ընդունված բանաձևում Օրենսդրական խորհուրդը ճանաչում է, մասնավորապես, ժողովուրդների հիմնական իրավունքը, այդ թվում` ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ընդգծում է Ղարաբաղի ջանքերն օրինական ընտրություններ անցկացնելու ճանապարհով ազատ և ժողովրդավարական հասարակություն ձևավորելու ուղղությամբ, աջակցում Ղարաբաղի ընդգրկմանը միջազգային հասարակություն և կոչ անում համագործակցել միջազգային հանրության հետ տարածաշրջանային խնդիրների լուծման համար, կոչ անում սահմանել խաղաղ հարաբերություններ և շարունակել տնտեսական և մարդասիրական աջակցությունը Ղարաբաղին: