24 ապրիլի 2005 - 08:41 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ «ԱՆՀՈՒՍԱԴՐՈՂ Է» ԱՆՎԱՆԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՆԱՄԱԿԸ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայ-թուրքական հարաբերությունների շուտափույթ կարգավորման առումով «անհուսադրող է» անվանել վերջերս Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թաիբ Էրդողանից ստացած նամակը: Նախօրեին Ռուսական հեռուստաընկերության եթերում, մասնավորապես, «Զերկալո» հաղորդման ընթացքում, նա նկատել է, որ չէր ցանկանա մանրամասնել նամակի բովանդակությունը, սակայն մոտ ժամանակներս նամակին պատասխան կտրվի: Անդրադառնալով այն հարցին, թե ինչ է Հայաստանի համար Ցեղասպանության ճանաչումը` Ռոբերտ Քոչարյանը ընդգծել է, որ հայերը համակված չեն ատելությամբ, ավելի շուտ` դառնացած են: Նման զգացմունքներ կարող է տածել մի մարդ, որ կորցրել է ընկերոջը կամ հարազատին, ինչի մեղավորը անպատիժ է մնացել: «Այդ զգացողությունը համազգային ձեւ է ընդունում, որի վեկտորը բավականին հստակ որոշված է: Բավական է ապրիլի 24-ին լինել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հասկանալու համար, թե ինչ են զգում հայերը այդ օրը»,-ընդգծել է Ռոբերտ Քոչարյանը: