Հայ ոսկերիչների համաշխարհային միությունը (Armenian Jewellers Association, AJA) Հայաստանի կառավարության հետ միասին մշակում է հանրապետության տարածքում ոսկերչության ազատ գոտու (Jewelry Free Zone) ստեղծման ռազմավարությունը: Այդ մասին, ելույթ ունենալով հոկտեմբերի 30-ին Երևանում բացված ոսկերչական խորհրդաժողովին, հայտնել է AJA նախագահ Գագիկ Գևորգյանը: «Մենք վստահ ենք, որ համագործակցության շնորհիվ կկարողանանք միասին նոր ծրագրեր նախաձեռնել, ներդրումներ ներգրավել»,-ասել է նա:
Նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ հոկտեմբերի 29-ին Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում բացվեց ոսկերչական իրերի ցուցահանդեսը: Ցուցահանդեսում ներկայացված են ինչպես հայրենական, այնպես էլ ավելի քան 70 օտարերկրյա ընկերությունների և անհատների աշխատանքներ
Ներկայացնելով AJA ձեռքբերումները՝ Գագիկ Գևորգյանն ասել է, որ ոսկերչական ցուցահանդեսը կարևորագույններից է տարածաշրջանում, որի նպատակն է նաև խթանել այդ ոլորտի զարգացումը Հայաստանում: Բացի այդ, նա նշել է, որ AJA-ն իր դպրոցներն է հիմնել Երևանում, Ստեփանակերտում, Մոսկվայում ու Պետրոզավոդսկում: «Մենք մի պարզ նպատակ ունենք՝ Հայաստանի շուրջ համախմբել աշխարհի բոլոր հայ ոսկերիչներին, վստահ եմ, որ դա մեզ կհաջողվի»,-ասել է նա:
Գագիկ Գևորգյանը նշել է նաև, որ միության ֆինանսական աջակցությամբ հրատարկվում է երկու արժեքավոր ալբոմ:
Առաջինը՝ «Վասպուրականի քսաներորդ դարի սկզբի մշակույթն ու կենցաղը» շտեմարանը, որը հրատարակության է պատրաստում Սանկտ Պետերբուրգի էթնոգրաֆիայի պետական թանգարանը:
Եվ երկրորդը՝ շուտով լույս կտեսնի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ համատեղ մշակվող մեր կաթողիկոսների գավազանների ալբոմ-շտեմարանը:
Ցուցահանդեսը, որը կտևի մինչև հոկտեմբերի 31-ը, անցնում է երկրորդ անգամ և նվիրված է միության ստեղծման 15-ամյակին:
Այս տարի առաջին անգամ նշվում է Հայ ոսկերչի ազգային օրը՝ հոկտեմբերի 28-ին:
Ցուցահանդեսում ներկայացված են շուրջ 70 օտարերկրյա ընկերությունների ու առանձին վարպետների աշխատռանքներ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Թաիլանդից, Լիբանանից, Հնդկաստանից, Թուրքիայից, Չինաստանից, Ավստրալիայից, Ճապոնիայից և այլն:
Ցուցահանդեսին մասնակցում է նաև Ոսկերիչների համաշխարհային կոնֆեդերացիայի նախագահ Գաետանո Կավալիերին: