Նոյեմբերի 25- ից դեկտեմբերի 8-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալու է բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունը:
Առաջնության մասնակիցները 17- 18 տարեկան բռնցքամարտիկներ են 10 քաշային կարգերում` 46-49կգ, 52կգ, 56կգ, 60կգ, 64կգ, 69կգ, 75կգ, 81կգ, 91կգ, +91կգ: Հայաստանը այս ստուգատեսում հանդես է գալու բոլոր քաշային կարգերում:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դերենիկ Ոսկանյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ առաջնությունը կխթանի Հայաստանում բռնցքամարտի զարգացմանը: «70 երկրի մարզիկներ են ժամանելու Երևան, և նրանց ելույթներին հետևելու կգան բազմաթիվ երեխաներ, ինչը կօգնի որ բռնցքամարտը ավելի մասսայական ու հայտնի դառնա մեր երկրում: Իսկ ինչքան շատ երեխաներ մարզվեն, այնքան կմեծանա մրցակցությունը, ինչն էլ իր հետ կբերի լավ արդյունքներ»,- նշեց նա:
Ըստ մարզչի, բոլոր երկրներին չէ, որ վիճակվում է անցկացնել աշխարհի առաջնություն, իսկ դա նշանակում է, որ ԱԻԲԱ-ն հաշվի է նստում Հայաստանի ֆեդերացիայի հետ և թույլ տալիս կազմակերպել նմանատիպ խոշոր մրցաշար: